Հաշմադամություն ունեցող անձանց կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունները՝ «Ես աշխատում եմ» ֆոտոցուցահանդեսում
Այսօր բացված «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը ամփոփ և պատկերավոր կերպով ներկայացնում է հաշմադամություն ունեցող անձանց կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունները:
Նոր մասնագիտություն, հմտության ձեռք բերում, արդյունքում աշխատանքի տեղավորում՝ այսպիսին են լուսանկարների հերոսների ուղին: Լուսանկարները փաստում են, որ գոյություն չունի հաշմանդամություն ունեցող անձանց համար «հատուկ» մասնագիտություն, այլ կախված հաշմանդամության տեսակից և նախասիրություններից մարդիկ կարող են տիրապետել ամենատարբեր հմտությունների՝ սկսած կարուձևից, խոհարարությունից մինչև ծրագրավորու ու համակարգչային դիզայն:
Լուսանկարների հեղինակներն են Մարիաննա Մելիքսեթյանը և Ռասմիլա Ալավերդյանը: Նկարահանումներն իրականացվել են Երևանի և մարզերի պետական և մասնավոր հիմնարկություններում:
«Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվախ ֆոտոցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
«Ես աշխատում եմ» ցուցահանդեսն անց է կացվում «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից, այս ցուցահանդեսով ՀԿ-ն եզրափակում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմադամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը (2012-16):
LIFE ծրագրի շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 740 հաշմանդամություն ունեցող անձ: