Միայն պետական լուրջ քաղաքականության դեպքում կփրկենք արևմտահայերենը. լեզվաբան
Այսօր արևմտահայերենը վտանգված է և պատահական չէ, որ այն հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վտանգված լեզուների» շարքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Լավրենտի Միրոզոյանը:
Դրա համար, ըստ լեզվաբանի, պետք է ակտիվացնել ջանքերը գրական արևմտահայերենի ուսումնասիրության, հետևաբար նաև` պահպանման գործում:
«Երկու գրական լեզուները մերձեցնել հնարավոր չէ, ընդամենը անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել արևմտահայերենը պահպանելու համար: Միայն պետական լուրջ քաղաքականության դեպքում կփրկենք արևմտահայերենը»,- նշեց լեզվաբանը:
Նրա խոսքերով՝ լեզուն գոյատևում է այն դեպքում, երբ այն գործածության լայն շրջանակներ, տարածվածություն ունի:
Լավրենտի Միրզոյանը տեղեկացրեց, որ աշխարհում հաշվում է շուրջ 2500 լեզու, որի մեջ նաև մեռած լեզուներն են մտնում: 2500 լեզուներից կենսունակ է ընդամենը 500-ը: Այսօր, ըստ տարածվածության, աշխարհում ամենաշատն օգտագործվում է չինարենը, որով խոսում է 1 մլրդ 200 մլն մարդ, 1 մլրդ 100 մլն մարդ էլ խոսում է անգլերեն, 500 մլն-ից ավելի մարդ՝ իսպաներեն, 247 մլն մարդ էլ՝ ռուսերեն լեզվով:
«Առաջին հարյուրակի մեջ ընդրգկված է նաև հայերենը՝ շուրջ 10 մլն մարդ խոսում է հայերեն»,- նշեց լեզվաբանը:
Ինչ վերաբերում է պետական լեզվի կարգավիճակին, ապա այդ 500 կենսունակ լեզուներից ընդամենը 119-ն է համարվում պետական լեզու: Առաջին տեղը գրավում է ֆրանսերենը, քանի որ աշխարհի 27 երկրներում ֆրանսերենը համարվում է պետական լեզու: 23 երկրներում պետական լեզու է արաբերենը, 20 երկրում՝ անգլերենը, 19 երկրում՝ իսպաներենը: «Հայերենը ևս տասնյակի մեջ է մտնում, քանի որ պետական լեզու է երկու երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տեսակետից արևելահայերենը արևմտահայերենի նկատմամբ ունի որոշակի առավելություն, քանի որ պետական լեզվի կարգավիճակով է հանդես գալիս»,- ասաց Լավրենտի Միրզոյանը:
Լեզվաբանը նշեց նաև, որ նոր Սահմանադրությունում երեք հոդված նվիրված է մայրենի լեզվին: Դրանցից մեկում ասվում է, որ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո. «Այսինքն՝ սա ռեալ շանս է տալիս մեր պետությանը կոնկրետ քայլերի անցնել»:
Մասնավորապես, լեզվաբանն առաջարկում է անցկացնել համահայկական լեզվական քաղաքականությանը նվիրված համաժողով, որի շրջանակներում համապատասխան մասնագետները համակողմանիորեն կքննարկեն և արևմտահայերենի, և արևելահայերի առջև ծառացած մարտահրավերները, որից հետո էլ պետք է մշակեն լեզուների փրկության ծրագիր:
«Իհարկե սա միայն լեզվաբանների խնդիրը չէ, այլ պետության, լեզվի հարցերով մտահոգ մարդկանց խնդիրն է»,- ասաց Լավրենտի Միրզոյանը:
Նա նաև նշեց, որ Սփյուռքում ապրող հայերն էլ պետք է գիտակցեն՝ իրենց երեխաները պարտավոր են սովորել իրենց մայրենի լեզուն, քանի որ լեզուն համարվում է վերացած, երբ որոշ ժամանակահատված այն սերունդներին չփոխանցելուց հետո նրա կրողներն այլևս չեն լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում