Փաստաբան. Լևոն Բարսեղյանի ձերբակալությունը պետք է շտապ բողոքարկվի
Փաստաբան Կարեն Մեժլումյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի հիմնադիր Լևոն Բարսեղյանի ձերբակալությանը:
Հիշեցնենք, որ Լ. Բարսեղյանը ձերբակալվել է, Քննչական կոմիտեն երեկ հայտարարել էր Քրեական գործ հարուցելու մասին:
Փաստաբանը գրում է.
«Սա սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված Լևոն Բարսեղյանի թողած գրությունն է, որում նա նկարել է «սառը զենք» դանակը։ Դանակը ծալովի է, իսկ շեղբի երկարությունն է 8.5 սմ կամ 85 մմ։
Դա սառը զենք չէ։
«Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է` 1. Որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել (կարդա՝ կրել)՝ ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում»:
Հավանաբար քննիչը սառը զենք կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, փորձաքննություն է նշանակել և Լևոն Բարսեղյանին ձերբակալել է մինչև եզրակացություն ստանալը։
Մանրամասն չանդրադառնալով այն հարցին, որ այս դեպքում ձերբակալումն աբսուրդ է, ցանկանում եմ անդրադառնալ այն հարցին, որ քրեական գործ չպետք է հարուցվեր, քանի որ դանակի շեղբի երկարությունը չափելու համար հատուկ գիտելիք չի պահանջվում։ Պարզապես հետաքննիչը, այնուհետև քննիչը պետք է վերցնեին սանտիմետրը, դնեին դանակի շեղբի վրա, չափեին դրա երկարությունը (նկարեին դա) և պարզելով, որ 91 մմ-ից կարճ է, ներողություն խնդրեին անհանգստություն պատճառելու համար և ազատ արձակեին։ Դրա համար կպահանջվեր մի քանի րոպե։
Բայց դե Լևոնի բախտը չբերեց ու փաստորեն ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը։
ՀԳ
Եթե անգամ շեղբը երկար լիներ 90 մմ-ից (1-ին պայման), դա դեռ չէր նշանակի որ դանակը սառը զենք է, քանի որ սահմանված այլ ստանդարտներ էլ կան, որոնց պետք է համապատասխանի 90 մմ գերազանցող շեղբով ծալովի դանակը (դա պետք է լինի ավտոմատ բացվող, շեղբի ամրություն, հաստություն և այլն)։ Լևոնի դանակի դեպքում հենց 1-ին պայմանն է բացակայում, ուստի մնացածին անդրադառնալու անհրաժեշտություն չկա և փորձաքննության անհրաժեշտություն չկար։
ՀԳ2
Կարծում եմ՝ Լևոնի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան։ Դատարանը նույն օրն իսկ նիստ է նշանակում և որոշում կայացնում»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլայ Բաղդասարյան. Ենիգոմշյանը պետք է ազատ արձակվի
- Լևոն Բարսեղյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծալովի դանակ կրելու համար
- Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում