Ոչ ոք իրավունք չունի ենթարկվել բռնության` խաղաղ երթի, ցույցերի ժամանակ, եթե վտանգ չի ներկայացնում
«Ոչ ոք իրավունք չունի ենթարկվել բռնության` խաղաղ երթի, ցույցերի, ակցիաների ժամանակ, եթե վերջինս վտանգ չի ներկայացնում հասարակությանը և հանրության այլ շերտերին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ընդհանուր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը գտնվում է շատ բարձր վիճակում և մարդկանց պահանջը մեկն է՝ իրավահավասարություն պահպանվի բոլորի հանդեպ:
«Բանը հասել է նրան, որ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի տիկնոջը՝ պրոդյուսեր, դերասանուհի Արսինե Խանջյանին են բիրտ ուժով բերման ենթարկում: Պարզաբանեմ հետևյալը՝ անխտիր բոլորն իրավունք ունեն նկարահանել ոստիկանության գործողությունները, եթե վերջինիս մեջ պետական գաղտնիք չկա: Ոստիկանության գործողությունները պետք է լինեն հանրայնացված: Եթե ես քաղաքացի եմ և ինձ բերման են ենթարկում, ես իրավունք ունեմ և ձայնագրել, և նկարահանել, եթե անգամ լրագրող չեմ՝ ելնելով իմ անվտանգության և սահմանադրական իրավունքի բոլոր նորմերից»,-պարզաբանեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ քրեորեն պատժելի է նաև իրավական մարմինների գործունեությանը խոչընդոտելը, նրանց օրինական, օրենքով սահմանված ստույգ պահանջին չենթարկվել, իրավական մարմնին բռնություն ցուցաբերելը. «Ոչ ոք չի արադարացնում ոստիկանների վրա շիշ շպրտելը, քարեր շպրտելը: Այսօր ոստիկանի հանդեպ ատելության նոտան շատ մեծ է: Եթե հավաքվածներն օրենքի և արդարության կողմնակիցն են, իրավական երկիր են ուզում, ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից, ցուցարարը պետք է սկսի ինքն իրենից: Եվ Պավլիկ Մանուկյանի կոչն էլ հենց այն էր, որ եթե ցուցարարները ներսից կեղեքում են գաղափարը, իրենք իրենց են վնասում»:
Անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում պահող բժիշկներին՝ նա ասաց, նույնիսկ աշխարհի այնպիսի երկրներում՝ Սիրիա, Լիբանան, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ, բժիշկների հանդեպ երբևիցե բռնություն չի եղել. «Մեր այս դեպքում, վստահ եմ տղաների քայլը հուսահատության, խաբված, արհամարհված լինելու գործողություն է: Վստահ եմ, որ նրանք բժիշկների հանդեպ վատ չեն վերաբերվում: Այո, իրավականորեն նրանք համարվում են պատանդ: Իրավականորեն անձին տեղաշարժելուց զրկելը, զինված պահելը, նրա այս կամ այն գործողությանը խոչընդոտելը համարվում է պատանդ: Որպես իրավապաշտպան չեմ ընդունում այդ քայլը, սակայն բժիշկների առումով կարծում եմ այդ քայլը եղել է հուսահատության քայլ»:
Իսկ թե ո՞րտեղ պետք է դիմեն իրավունքները ոտնահարված քաղաքացիները, նա ասաց. «ՀՀ-ում ընդունված նորմով, եթե եղել է բռնություն, եթե կատարվել է վարչական իրավախախտում, եթե քրեածին տարրեր չեն եղել, քաղաքացիները պետք է ըստ կատարված գործողության դիմեն դատարան և պահանջեն վնասի փոխհատուցում: Սրանով պետք է զբաղվի նաև ՄԻՊ գրասենյակը՝ պահանջելով արդար դատավարություն և փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան