Հուսով ենք, որ իսկապես գտնվելու է այդ խաղաղ հանգուցալուծումը. Հերմինե Նաղդալյան
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետ կապված ստեղծված իրավիճակից պետք է գտնել խաղաղ հանգուցալուծում, ինչի համար էլ ընթանում են բանակցային գործընթացներ:
Նրա խոսքերով՝ իշխանության մոտեցումը հայտնել է հանրապետության նախագահը և կուսակցության խոսնակը:
«Մեր մոտեցումը եղել է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի, արյունահեղություն և նոր զոհեր մենք չպետք է ունենանք: Իշխանությունը մինչ այսօր շարունակում է նույն մոտեցումը՝ անել ամեն ինչ, որպեսզի չունենանք նոր զոհեր, արյունահեղություն: Դրա համար արվում է ամեն ինչ և հուսով ենք, որ իսկապես գտնվելու է այդ խաղաղ հանգուցալուծումը»,- ասաց նա:
Հարցին, թե հանուն խաղաղ հանգուցալուծման ինչ զիջումների են պատրաստ, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ խնդիրը զիջումների մեջ չէ:
«Խնդիրները, որոնց մասին խոսվում է` մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում և այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են: Սակայն այսօր դրանք ստվերվում են գլխավոր հարցով` իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Ըստ նրա՝ պետության համար շատ կարևոր է, որպեսզի կարողանան իսկապես ճիշտ դասեր քաղել այս ամենից:
Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը` Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այս հարցում ՀՀԿ-ի դիրքորոշումը հնչեցվել է ԱԺ նախագահի կողմից:
«Այսօր արդեն որոշ ստորագրություններ հավաքվել են, սակայն դրանք չեն բավարարել: Կարծում ենք, որ խնդիրը ոչ թե արտահերթ նիստ գումարելն է, այլ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելը: Այսօր կան քրեական գործեր, ընթանում է քննություն, պատգամավորների կողմից այս հարցերի քննարկումը հղի է նաև նոր սրացումներով: Հիմնական մեր մոտեցումը եղել է չվնասել այսօր ընթացող բանակցային գործընթացին: Չվնասելը եղել և մնում է մեր գլխավոր բանաձևը»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ մեր երկրում ոչ ոք իրավունք չունի զենք վերցնել և կրակել դիմացինի վրա. «Հայաստանում որևէ մեկն իրավունք չունի զենքով որևէ հարցի լուծման գնալ»:
ԱԺ փոխնախագահը նաև իր մտահոգությունը հայտնեց բժիշկների պատանդառության հարցով` շեշտելով, որ այդ մոտեցումն անընդունելի է:
«Աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները անազատության մեջ են պահվում, երբ նրանք այնտեղ էին գնացել նրանց օգնություն ցույց տալու համար, բացի այդ, այդ օրերին էլ փորձել են օգնություն ցույց տալ: Հատկապես մտահոգված եմ, որ նրանց մեջ կին կա և բոլորվին վայել չէ հայ մարդկանց պատանդ պահել՝ հատկապես կնոջ: Անհանգստացած ու մտահոգ եմ: Հուսով եմ, որ նրանք ազատության մեջ կլինեն և կկարողանան վիրավորներին բուժօգնություն ցույց տալ»:
Նա նաև նշեց, որ այս իրադարձությունները մտահոգիչ են ինչպես պետության հետագա զարգացման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման իմաստով. «Կարծում եմ՝ մինչև հողերի հանձնելու մասին խոսելը, պետք է նախ հասկանանք՝ ինչ ունենք իրականության մեջ, ինչ առաջարկներ ունենք, ինչ բանակցություններ կարող են սկսվել և ընթանալ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև և ինչ նոր զարգացումներ դրանք կարող են ունենալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան