Փաստաբան. Ենիգոմշյանին պահելու համար համապատասխան պայմաններ չունեն
«Ալեք Ենիգոմշյանին ձերբակալել են, սակայն պայմաններ չունեն պահելու իր նման հաշմանդամություն ունեցող անձանց: Դա արձանագրվեց ՄԻՊ-ի կողմից»,-այս մասին Panorama.am-ին ասաց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանն ու ՄԻՊ-ն այսօր այցելել են ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին:
Փաստաբանն ասաց, որ հիմա փորձում են ապահովել այդ պայմանները:
«Ինչքանով ես հասկացա, այդ պայմանները հնարավոր չէ ապահովել, որովհետև իրենք երբեք առողջական նման խնդիրներ ունեցող անձի չեն ձերբակալել ու չեն պահել: Իսկ առկա պայմաններում նման հաշմանդամություն ունեցող մորդուն հնարավոր չէ պահել»,-ասաց փաստաբանը:
Ն. Բաղդասարյանի խոսքով, այդ պայմանները չապահովելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն համարվում է խոշտանգում:
«Եթե մարդուն պահում են այնպիսի պայմաններում, որ մարդը չի կարողանում սնվի, չի կարողանում տեղաշարժվի, դա խոշտանգում է համարվում: Եթե նա չունենար առողջական խնդիր, եղած պայմանները նորմալ են համարվում, բայց քանի որ չի տեսնում, դրանք նորմալ չեն»,-ասաց Ն. Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ Ենիգոմշյանը զրկված է նաև քննչական գործողություններին մասնակցելու հնարավորությունից, չի կարողանում ծանոթանալ նյութերին, քանի որ դրանք գրված չեն իրեն հասկանալի լեզվով՝ բրալյան այբուբենով:
«Փաստինֆո»-ին ԱԱԾ-ից հայտնել են.
«ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան) բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով և կասկածվում է օժանդակելու մեջ։
Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 17.07.2016թ. զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):
Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան