New York Times, Guardian, Al Jazeera. Միջազգային մամուլը գրում է պատանդ պահվող բժիշկների մասին
«Ընդդիմությանը հարող զինյալները, ովքեր շարունակում են առճակատման մեջ մնալ ոստիկանության հետ Երևանում, պատանդ են վերցրել չորս բժիշկների: Դրանից առաջ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հինգ մարդ վիրավորվել էր», - այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը՝ փոխանցելով Երևանի Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդում հուլիսի 17-ից շարունակվող ճգնաժամի մանրամասները:
«Երկու բժիշկները և երկու բուժքույրերը պատանդի կարգավիճակում են պահվում այն բանից հետո, երբ նրանք մուտք էին գործել ՊՊԾ տարածք՝ այնտեղ գտնվող երկու վիրավորներին օգնություն ցույց տալու համար», - գրում է պարբերականը:
Al Jazeera-ն մեջբերում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, ով ասել է, որ «ոստիկանությունը միջոցներ է ձեռք առնում բանակցությունների միջոցով բժիշկներին պատանդությունից ազատ արձակելու համար»:
New York Times-ը մեջբերում է ՀՀ Առողջապահության նախարարության հայտարարությունը, համաձայն որի նախօրեին պատանդված բժիշկներից մեկին զինյալները բաց էին թողել:
Թերթը հիշեցնում է, որ նախօրեին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու զինյալներ հանձնվել էին, ևս երկուսը և մեկ ոստիկան վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց: 20-ից ավելի զինյալներ դեռ շարունակում են պատսպարված մնալ ՊՊԾ գնդի տարածքում: