ԵՄ-ն կոչ է արել Հալեպում դադարեցնել մարտերը՝ մարդասիրական օգնություն մատակարարելու
Եվրոպական միությունը կոչ է անում անմիջապես դադարեցնել մարտերը սիրիական Հալեպում, որպեսզի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց կարողանան դուրս բերել այդտեղից, ինչպես նաև կարողանան ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը քաղաք: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի կոմյունիկեում:
Նրանց խոսքով՝ հուլիսի 7-ից Հալեպի արևելյան հատվածը փաստացիորեն պաշարվել է այն բանից հետո, երբ փակվել է այդ հատված տանող վերջին ճանապարհը: Այդպիսով մոտ 300 հազար մարդ չի կարող դրսից օգնություն ստանալ:
«ԵՄ-ն կոչ է անում անմիջապես դադարեցնել մարտերը, որպեսզի թույլ տրվի բժշկական տարհանում անցկացնել և դեղորայք, ուտելիք և ջուր մատակարարել արևելյան Հալեպ՝ հումանիտար իրավիճակի ծայրահեղ վատթարացման ֆոնին»,- ասված է հայտարարությունում:
Մոգերինիի և Ստիլիանիդիսի խոսքով, առանց մարդասիրական օգնության հասանելիության, մոտակա շաբաթներին քաղաքում կավարտվեն սննդի պաշարները, և «Հալեպը կարող է դառնալ այդ հակամարտությունում ամենախոշոր մարդկային ողբերգությունը»: