Մխիթարյանը՝ թուրքական «Գալաթասարայի» հետ խաղի ընդլայնված հայտացուցակում
«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին կայանալիք ընկերական խաղում ուժերը կչափի թուրքական «Գալաթասարայի» հետ: Հանդիպումը կկայանա Շվեդիայում:
Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, Ժոզե Մոուրինյոն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել վերոնշյալ հանդիպմանը:
Պորտուգալացի մասնագետի ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սպասվում է, որ խաղադաշտ դուրս կգա նաև թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչը:
Եթե շվեդ ֆուտբոլիստի համար սա նորամուտի խաղ է, ապա Մխիթարյանն արդեն 3-րդ անգամ դուրս կգա խաղադաշտ: Հայ ֆուտբոլիստը նաև հասցրել է բացել իր գոլերի քանակը մանկունյանցիների կազմում: Նա գրավել է իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: