Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդմանն ուղղված հարցեր
Հուլիսի 25-27-ը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հրավերով, Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների, Իրան-ԵՏՄ համագործակցության շրջանակներում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդման և բազմաթիվ այլ հարցեր:
Նախարար Յոլյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային հնարավորությունները։
ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները համակարծիք են եղել էներգտիկ բնագավառում համագործակցության ընդլայնման առումով։ Այս համատեքստում շեշտվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:
Նախարար Յոլյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է «MAPNA» արդյունաբերական խմբի ձեռնարկություններ և ծանոթացել ընկերության արտադրական և գիտահետազոտական հնարավորություններին:
Թեհրանում Լևոն Յոլյանն այցելել է «Արարատ» մարզավան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները