Արտաշես Ներսիսյան. «Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում»
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում խոսել է թիմի ձեռքբերումների մասին, ինչպես նաև անդրադարձել Օլիմպիական խաղերում մեր երկու ծանրորդների հնարավորություններին:
«Նազիկի ընտրությունն ի սկզբանե արվել էր, համեմատություն եղավ Սոնայի և Քրիստինեի միջև: Իրեն ավելի լավ դրսևորեց Սոնան:
Հավաքականի ձեռքբերումն այս տարվա Եվրոպայի առաջնության թիմային հաղթանակն էր: Սա առաջին անգամն էր, և տա Աստված, որ այն բազմիցս կրկնվի: Մեզ հաջողվեց երկու ոսկե մեդալ նվաճել, ինչն իսկապես մեծ քայլ առաջ էր: Նազիկն այսքան դժվարություններից հետո կարողացավ վերադառնալ և ապացուցեց, որ մեծ կամքի ուժ ունի, իր տեղն ունի մարզաշխարհում:
Հիմա Օլիմպիական խաղերում ինչ էլ անի, որ տեղն էլ գրավի, նա արդեն հերոս է: Սոնային ընձեռնվեց յուրահատուկ հնարավորություն: Նա թիմին օգնեց Եվրոպայի առաջնությունում՝ վարկանշային միավորներ ձեռք բերելով:
Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր պետություն ներկայանում է լավագույն կազմով: Առնվազն 15 մարզիկներ պայքարելու են մեդալների համար: Հիմնական մրցակիցները Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և նույնիսկ Իսպանիայից են: Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում: Հիմա արդեն կիլոգրամների ցանկը շատ խիտ է: Խաղերի մեկնարկից առաջ մեր վերջին հավաքն ենք անցկացնում Ռիոյում և վերջին շտկումներն ենք անում»,- ասել է Ներսիսյանը: