Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց: Նա դուրս գալով Շենգավիթի քննչական բաժնից՝ հավաքված լրագրողներին ասաց, որ այսուհետ բոլորը կարող են ունենալ 1200 դրամանոց իր դանակից, քանի որ վկայական կա, որում ասված է, որ այն սառը զենք չէ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման էր ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել էր 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ։ Այսօր ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
Լ. Բարսեղյանն ասաց, որ քննչականում և Ձերբակալվածների պահման վայրում իր նկատմամբ խոշտանգումներ չեն եղել, ի տարբերություն Երևանի Շենգավիթի և Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքների:
«Այդտեղ եղել է արժանապատվությունը նվաստացնվող, անմարդկային վերաբերմունք: Բերման ենթարկելու պահից սկսած ինձ առանց որևէ հիմքի պահել են 16 ժամ, մինչդեռ երեք ժամից պետք է ազատեին: Պահել են մինչև քննիչը հուլիսի 27-ի երեկոյան մեղադրանք է ներկայացրել: Այդ ամբողջ ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում թույլ չեն տվել օգտվել զուգարանից, ջուր եմ խնդրել, ասել են՝ առաջին հարկում է, իսկ մենք երրորդ հարկում էինք: Այնուհետև Գյումրիի ոստիկաններն առանց որևէ իրավական հիմքի տարան ինձ Գյումրի: Այնտեղ ծանուցագիր են տվել, որ պետք է ներկայանամ քննչական բաժին ժամը հինգին: Ասել եմ՝ ազատ եմ ես, պատասխանել են՝ բա ազատ ես: Ասել եմ դե ես գնամ, հինգին կներկայանամ, ասել են՝ չենք թողնում գնաս, մենք պետք է տանենք: Իրենք բերեցին, թույլ չտվեցին դուրս գալ շենքից մինչև հինգը: Սրանք անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերունք են»,- իր հետ տեղի ունեցածն այսպես ներկայացրեց Լ.Բարսեղյանը:
Ըստ նրա համոզման՝ այս ամենն արվեց իրեն մեկուսացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտե. Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ
- ՀԿ-ներ. Ազատ արձակել Լևոն Բարսեղյանին, դադարեցնել բռնությունները
- Փաստաբան. Լևոն Բարսեղյանի ձերբակալությունը պետք է շտապ բողոքարկվի
- Լևոն Բարսեղյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծալովի դանակ կրելու համար
- Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում