Այս տարվա առաջին կիսամյակում նվազել են ամուսնության դեպքերը. Կ. Կույումջյան
2016 թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) ծնունդների թվաքանակը կազմել է 18439, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,2 տոկոսով: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Մարզային կտրվածքով ներկայացնելով՝ նա նշեց, որ միջին հանրապետական ծնելիության գործակիցը 12,3 պրոմիլ է. «Ցուցանիշներից ամենաբարձրը կազմել է Երևանում, որը գերազանցել է հանրապետական միջին ցուցանիշը 1,1 պրոլիային կետով, միջին հանրապետական ծնելիության ցուցանիշը գերազանցել են նաև Արարատի և Կոտայքի մարզերը՝ կազմելով շուրջ 13 ծնունդ, յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով:
Ծնելիության ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքի մարզում 10,6 պրոմիլ է: Ծնելիության նվազ ցուցանիշներ են արձանագրվել նաև Տավուշի և Սյունիքի մարզերում»:
Բանախոսը հավելեց նաև, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում ծնվել է 8863 աղջիկ և 9576 տղա: Անունների ցուցակում տղաների դեպքում առաջին եռյակում են Դավիթ, Նարեկ, Ալեքս անունները, աղջիկների մոտ՝ Նարե, Մարիա, Մարիամ:
(ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը թվերով խոսեց նաև ամունությունների և ամուսնալուծությունների մասին: Ըստ այդմ ամուսնության դեպքերը այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 7739, արձանագրվել է նվազում շուրջ 9,8 տոկոսով: Նվազել են նաև ամուսնալուծության դեպքերը՝ կազմելով 1753, նվազումը եղել է 7,7 տոկոս:
«Ամուսնության ընդհանուր հանրապետական գործակիցը կազմել է 5,2 պրոմիլ, ավելի բարձր ցուցանիշներ գրանցվել է Վայոց Ձորի մարզում՝ 6,9 պրոմիլ, այսինքն շուրջ 7 ամուսնության դեպք յուրաքանչյուր 1000 բնակչի շրջանում, Կոտայքում՝ 5,7 պրոմիլ և Երևանում 5,4 պրոմիլ: Ունենք մարզեր, որտեղ ամուսնության ընդհանուր գործակիցը նվազ է միջին հանրապետական ցուցանիշից, դրանք են Շիրակի, Սյունիքի մարզերը, իսկ Տավուշում հանրապետական ցուցանիշին համարժեք է: Մարզերի գրեթե մեծ մասում ամուսնալուծության ընդհանուր գործակիցները նույնպես նվազել են, բացառությամբ Լոռու մարզի, որտեղ այդ ցուցանիշը կազմել է 2,7 պրոմիլ՝ կամ 1000 բնակչի հաշվով 3 ամուսնալուծություն: Ամուսնալուծության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Տավուշում: Հանրապետության մասշտաբով կարող ենք ասել, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին յուրաքանչյուր հազար զույգի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք»:
Կույումջյանը անդրադարձավ նաև մահվան դեպքերին՝ նշելով, որ տվյալ ժամանակահատվածում դրանք կազմել են 14306 և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել 2,6 տոկոսով: Այս երկու ցուցանիների հաշվին արձանագրվել է 4133 բնական հավելաճի ցուցանիշ, նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 3,7 տոկոսով. «Մահվան միջին հանրապետական գործակիցը կազմել է 9,6 պրոմիլ, սակայն ունենք այդ ցուցանիշը գերազանցող մարզեր: Լոռիում, որտեղ մահացության ցուցանիշը կազմել է 13,7 պրոմիլ, այսինքն յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրեթե 14 մահվան դեպք, ինչի հետևանքով մարզում արձանագրվել է բնական նվազում, այսինքն մահվան դեպքերը գերազանցելի են ծնելիությանը: Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Շիրակու, Վայոց Ձորում, Տավուշում և Սյունիքում: Բնական նվազման իրավիճակ է արձանագրվել նաև Տավուշում»:
Ինչ վերաբերում է մահացության հիմանական պատճառներին՝ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետն ասաց, որ տեսակարար կշիռ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդություները, որոնք ամբողջ դեպքերի 47, 1 տոկոսն են կազմում, դրան հաջորդում են նորագոյացություններից և շնչառական հիվանդություններից արձանագրված դեպքերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին