ՍԱՊԾ. «Nutrilon ProNutra» մանկական կերի տուփի վրա չկան ներմուծողի տվյալները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին: ՍԱՊԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:
Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:
«ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը»,-ասված է հաղորդագրության մեջ: