Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանի դիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ուղարկվել է ՄԻԵԴ
«Քիչ առաջ ֆաքսով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկեցինք Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։ Շնորհակալություն Աննա Մարալյանին առավելագույն աջակցության համար։ Հուսանք առաջիկա օրերին ՄԻԵԴ արձագանքը կլսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի անդա Կարեն Մեժլումանը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրսյանը պահանջում էր իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել այլ քաղաքային հիվանդանոց, քանի որ նա պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում: Նա դիմել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, ԱԱԾ քննչական վարչութան պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանին:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից արձագանքեցին. «Արամ Մանուկյանը ապահովված է անհրաժեշտ բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են: Հավելենք նաև, որ Ա.Մանուկյանը ստանում է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված և սահմանված սնունդ»:
Այնուհետև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնեցին, որ Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը հուլիսի 27-ի գիշեր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել էր, տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, վիրահատվել: Դատարանի որոշմամբ Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով: «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ հուլիսի 27-ին:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝ նախատեսվում է՝ 6-12, 3-8 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ. ՄԻՊ
- ՔԿՎ-ն արձագանքում է Արամ Մանուկյանի փաստաբանին
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվում է անմարդկային պայմաններում. Փաստաբան
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվողներին
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
- «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը կալանավորվել է
- Պավլիկ Մանուկյանը ցանկացել է դատարանում՝ կալանքի միջնորդության քննությանը ներկա լինել. փաստաբան