Լրագրողական կազմակերպություններ. Կատարվածն անթույլատրելի է
«Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում», «Ազատ լրագրողների ասոցիացիա» լրագրողական հասարակական կազմակերպությունները պահանջում են անհապաղ քննության առնել լրագրողների նկատմամբ իրականացրած բռնության դեպքերը, մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ ասված է.
«Էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում տուժել են լրագրողներ ու օպերատորներ, ովքեր կատարում էին իրենց աշխատանքը:
Մասնավորապես՝ ծեծի են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը, Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի և օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:
Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաև Լրագիր.am-ի օպերատորը, իսկ Life-ի օպերատորը տեղափոխվել է հիվանդանոց:
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը (աղբյուրը`http://news.am/arm/news/339646.html):
Հաշվի առնելով այդ ամենը՝ դատապարտում ենք ուժային կառույցների կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող լրագրողների ու ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք խոչընդոտել են լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը։
Պահանջում ենք անհապաղ քննության առնել լրագրողների նկատմամբ իրականացրած բռնության դեպքերը, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հարգել ԶԼՄ ինստիտուտը, լրագրողի աշխատանքը, տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը: Զերծ մնալ ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելուց: Բացի այդ, հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը` Հայաստանում լրագրողի մասնագիտության անպաշտպանվածության վրա:
Կատարվածն անթույլատրելի է, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքի ուժով ամրապնդված նորմերին, ազատ մամուլի ու խոսքի ազատության ժողովրդավարական արժեքների հաստատմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները «Ազատության» լրագրողների վրա
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն. Ահարոնյան
- Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման մասին. ՄԻՊ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
- Սարի թաղում տուժել են լրագրողներ, քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան