Անթույլատրելի են մեկը մյուսի հետևից, միանման ձևական հայտարարությունները. Խ. Մարոզյան
«Խիստ դատապարտում եմ այսպիսի ագրեսիվ մոտեցումը սեփական ժողովրդի հանդեպ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտատարարեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ ղեկավար Խաչատուր Մարոզյանն՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող դեպքերին:
«Ինչու՞ են մարդիկ գնում այսպիսի քայլերի, ժողովուրդը շնչել ու ազատություն է ուզում: Ղեկավարությունն այսօր ճիշտ քայլ կանի, եթե ժողովրդի հետ անկեղծանա՝ մի անգամ ժողովրդից ներողություն խնդրելով: Միգուցե հիշեցնենք ամենայն հայոց բանաստեղծի խոսքը. «Եթե ուզում ես կառավարել խուսափելով սխալներից՝ պետք է ուղիղ նայել ժողովրդի սրտին»»,-ասաց նա:
Ըստ Մարոզյանի՝ հնչում են խիստ սիրողական կարգի մեկնաբանություններ, պետք է պատասխանատվություն ստանձնել ամեն խոսքի համար. «Այն լիդերները, ովքեր խոսում են ամբիոններից, կոչեր են անում ժողովրդին, պետք է դրա փոխարեն ելքեր փնտրել ու առաջարկել: Անթույլատրելի են մեկը մյուսի հետևից, միանման ձևական հայտարարությունները, քաղաքական կուսակցությունների անգործությունն ու լռությունը»:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ ղեկավարը հավելեց, որ ՊՊԾ գնդում գտնվողներին ահաբեկիչներ ասելուց առաջ պետք է դա ապացուցել. «Պետք է ապացուցել՝ այդ մարդիկ ինչի՞ն են վտանգ սպառնում, ու՞մ կյանքին են սպառնում, նոր վնասազերծել նրանց»: