Քաղաքական 10:43 30/07/2016

Կուսակցությունների արձագանքը՝ Սարի թաղի դեպքերին (լրացվում է)

22:45
ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը
Հայրենակիցնե՛ր, այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին, անընդունելի և խստորեն դատապարտելի է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանիցս հանդես է եկել հորդորով ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել բացառապես փոխզիջումների և երկխոսության ճանապարհով:

«Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների և անզեն քաղաքացիների հանդեպ իրավապահների կողմից կիրառված ոչ համարժեք ուժը և կոչ անում անհապաղ պատժել մեղավորներին: Այո՛, մեր երկրում կան բազմաթիվ համակարգային լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ հրատապ լուծում են պահանջում: Սակայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում ՝ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով: Մեկ բան հստակ է ՝  զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին ՝ Հայաստանի Հանրապետությունը: Կրկին կոչ ենք անում կողմերին ՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից և ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են: Այլ ելքեր չկան և չպետք է լինեն: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին ՝ մեկտեղել ջանքերը խաղաղ հանգուցալուծման ելքեր գտնելու համար:  
 ԲՀԿ քաղաքական խորհուրդ


16:52
«Համախմբում» կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Երեկ՝ հուլիսի 29-ին, ոստիկանությունը բռնի ուժ է գործադրել խաղաղ հավաքի
ընթացքում իրենց բողոքի ձայնն արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Բռնության
են ենթարկվել ոչ միայն խաղաղ ցուցարարները, այլև այս միջոցառումները
լուսաբանող հայաստանյան և արտասահմանյան լրագրողները: Ավելին՝
ոստիկանության բռնի գործողություններից տուժել են նաև բազմաթիվ
քաղաքացիներ, բնակիչներ, որոնք որևէ կապ չեն ունեցել հավաքի հետ: Խոր
տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ առաջիններից մեկն են
հարձակման ենթարկվել հանդարտության, բախումներից խուսափելու կոչեր անող
կազմակերպիչները, մասնավորապես Արմեն Մարտիրոսյանը և այլք, և մենք
պահանջում ենք, որ ձերբակալվածներն ու բերման ենթարկվածներն անհապաղ ազատ
արձակվեն:

Առանց խտրականության բռնության են ենթարկվել կանայք, երեխաները:

Զանգվածային բռնությունների իրականացմանը մասնակցել են ոչ միայն
ոստիկանությունը, այլև քաղաքացիական հագուստով և մահակներով զինված խմբերը:
Նրանք գործել են ոստիկանության հետ համատեղ կամ առնվազն ոստիկանության
բացահայտ թողտվությամբ: Այս փաստը լրջագույն քննության առիթ պետք է դառնա,
քանզի նման նախադեպը կարող է խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ
հասարակական կայունության համար:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքացիների հանդեպ այս
վայրագ գործողությունները, հատկապես ապշեցնող է իրենց մասնագիտական
գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ ցուցադրական
բռնությունը:

Վստահ ենք, որ երկրի ներկայիս ապակայունացման գործընթացը լրջորեն կարող է
ազդել Հայաստանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական գործընթացների վրա,
ինչը հղի է լուրջ վտանգներով: Սա իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում
պետականության համար:

Մենք կրկին կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համատեղել ջանքերը՝
դուրս գալու այս լրջագույն ճգնաժամից: Ելքեր կան, և այս ճգնաժամի լուծման
միակ ճանապարհը քաղաքական քայլերն են: Այլընտրանքը ապակայունացումն է և
սողացող քաղաքացիական պատերազմը:

Մենք կոչ ենք անում մեր սփյուռքահայ հայրենակիցներին, հեղինակավոր անձանց,
կազմակերպություններին նույնպես անտարբեր և անմասն չմնալ Հայաստանում
կատարվող ճակատագրական իրադարձություններին:

Կրկին ուզում ենք հիշեցնել, որ այս ողջ ճգնաժամային իրավիճակի գլխավոր
պատճառը քաղաքական մենաշնորհի և իշխանությունների գործելաոճի արդյունքն է,
հասարակության մեջ կուտակված և տարիների ընթացքում չլուծվող խնդիրները,
իշխանության հանդեպ վստահության բացակայությունը և արդար ընտրությունների
միջոցով իշխանության ձևավորման անհնարինությունը:

Եվս մեկ անգամ պնդում ենք, որ այս ճգնաժամի հաղթահարման բանալին քաղաքական
հարթության և ժողովրդի արդարացի պահանջների իրականացման մեջ է: Ճգնաժամի
խաղաղ և անարյուն լուծումը քաղաքական լուծումն է: Հետևաբար, այս ամենի
իրականացման համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համախմբումը այս
գաղափարի շուրջ, քանզի դրա այլընտրանքը պերմանենտ զինված բախումներն են,
հասարակական անկայունությունը և, որպես հետևանք, պետության թուլացումը»:15։14
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում է երեկ երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում ցուցարարների, լրագրողների, քաղաքական գործիչների, խաղաղ բնակչության նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ և բիրտ ուժը, որի արդյունքում տասնյակ քաղաքացիներ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում: Հայտարարության մեջ ասված է.

«Անընդունելի ենք համարում իրավապահ մարմինների, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, իրավիճակը առանց հիմնավոր պատճառների էսկալացիայի ենթարկելու չպատճառաբանված քայլերը, որոնք էլ ավելի են սրում ներքաղաքական իրավիճակը, բարդացնում անարյուն ու առանց բախումների խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը: Կրկնում ենք, ելքը քաղաքական է, ավելին` հենց քաղաքական գործընթացը և քաղաքական որոշումներն են, որ ապահովելու են այս իրավիճակի հանգուցալուծումը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հավատարիմ է ստեղծված իրավիճակի հետ կապված նախկինում արդեն արված հայտարարությանը և գտնում է, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, առանց առճակատումների և բախումների: Ավելին՝ օրերս տված ծավալուն հարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նույնպես, անդրադառնալուվ խնդրին, որպես իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ճանապարհ, առաջարկել էր ստեղծել խնդրի լուծման համընդգրկուն քաղաքական ձևաչափ, ընդգծելով` մեր երկրին ու ժողովրդին նոր սկիզբ և նոր մեկնարկ է հարկավոր` ինչը նախ և առաջ նշանակում է լայնածավալ ու արմատական քաղաքական փոփոխությունների սկիզբ ու հանձնառությունը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ստեղծված իրավիճկը ունի խորքային պատճառներ, որոնց հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում անհապաղ կտրուկ և իրական քաղաքական փոփոխություններն են, իսկ հանգուցալուծման առանցքը պետք է լինեն ոչ թե բռնությունները, այլ քաղաքական գործընթացներն ու քաղաքական լուծումները: Երեկ տեղի ունեցածը ևս մեկ հուժկու հարված էր Հայաստանի հեղինակությանը և վարկանիշին, որը վերականգնելը երկար ժամանակ կպահանջի:

Կոչ ենք անում այլևս զերծ մնալ նման մեթոդներով հարցերը լուծելու պրակտիկայից, անցկացնել հետաքննություն և խստորեն պատժել Սարի թաղում և Խորենացի փողոցում իրականացված բռնության հեղինակներին, ինչպես նաև շուտափույթ ազատ արձակել անհիմն բերման ենթարկված քաղաքական գործիչներին և քաղաքացիներին»:
 

14։00
Հայաստանյան քաղաքական ուժերն արձագանքում են Սարի Թաղում երեկ երեկոյան տեղի ունեցած դեպքերին, որի ընթացքում ոստիկանությունների գործողություններից տուժել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան:

«Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղ թաղամասում անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը առանց իրավականորեն անհրաժեշտ հույժ կարևորության հիմնավորման և նախազգուշացման կիրառել է հատուկ միջոցներ, հայուրավոր քաղաքացիներ բռնության են ենարթկվել ոստիկանության և ոստիկանության ակնհայտ աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Ոստիկանության ու նշված տարրերի կողմից ակնհայտորեն նպատակաուղղված կերպով բռության են ենթարկվել նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողները։ Ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Բռնություն է կիրառվել նաև Սարի թաղում բնակվող և բողոքի ցույցին չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիների և իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառուներ էին, այլ ակնհայտորեն պատժիչ գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն բռնության ենթարկված քաղացիների ու լրագրողների, այլ նաև Հայաստանի Հանրապետության կայունության, երկրի հեղինակության դեմ։

Հայոց Համազագային շարժում կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ ազարձակել բերման ենթարկված քաղաքացիներին, անաչառ հետաքննություն անկացնել անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքերի առթիվ, բացահայտել և պատասխանատվության ենթարկել քաղաքացիական հագուստով բռնություն իրականացնող անձանց, նրանց այդ գործողությունների դրդողներին և խրախուսողներին։ Պահանջում ենք անհապաղ բացահայտել և խստագույնս պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողներին և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ  թիրախավորված հարձակում գործելու հրաման արձակողներին։

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու և դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար»:

12։09
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԺ
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կոչը:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու
առողջությունը վեր է ամեն ինչից, ուստի. Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի
հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը
կանխարգելելու նպատակով ՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն
վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ,որպեսզի հնարավոր լինի կանխել
հավանական ու անդառնալի զարգացումները»:

«Ժառանգությունը» դատապարտում է. «Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում լրագրողների` խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար:

Ուշ գիշերային ձերբակալություններից շատերն ուղեկցվում էին քաղաքացիական հագուստով ոստիկանների աննախադեպ բռնություններով, սարսափազդու ճայթուկների ու պայթուցիկների կիրառմամբ: Բերման ենթարկված քաղաքացիների թվում էին «Ժառանգության» առաջամարտիկները` Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սուսաննա Մուրադյանը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ աշխարհի հետ, և շարունակում է հակված մնալ ավելի շուտ Յանուկովիչի ու աշխարհի բռնապետական, ամբողջատիրական այլ վարչակարգերին:

Առանց երկրի ներսում քաղաքացիական և մարդու իրավունքների հարգման և պատշաճ պաշտպանության, առողջ բանավեճի, երկխոսության ու արդարության հնարավորություններն ի չիք կդառնան, և մեր երիտասարդ, խոստումնալից հանրապետությունը կհայտնվի անկանխատեսելի ու անձև քաոսի դեմհանդիման, ինչը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ:

Առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հանրությանը` մեկտեղել ջանքերը, միասին ոտքի ելնել` կարճ ժամանակամիջոցում հաստատելու սահմանադրական պետություն` խարսխված ազատ, արդար ընտրությունների և յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման սկզբունքների վրա»:


Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

30 հուլիսի 2016

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական բռնություններն անզեն քաղաքացիների նկատմամբ: Հայտարարության մեջ ասված է.

«Երեկ՝ հուլիսի 29-ի երեկոյան, ինչպես նաև դրան նախորդած օրերին,  ՀՀ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ և ակնհայտ բռնություն իրենց բողոքի ձայնն արտահայտող խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս ընթացքում նաև անօրինական կերպով ոստիկանական բաժիններ բերման են ենթարկել քաղաքացիներին՝ սահմանափակելով նրանց հիմնարար իրավունքները:

Ոստիկանությունն անզեն քաղաքացիների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և լուսաձայնային պայթուցիկներ, անխնա ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին և ակցիաները լուսաբանող լրագրողներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով անթույլատրելի պատժիչ միջոցներ և պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: Մենք դատապարտում ենք անզեն քաղաքացիների և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը և բռնությամբ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը:

Ակնհայտ հանցավոր գործելաոճ ենք համարում ոստիկանության բացահայտ թողտվությամբ և աջակցությամբ քաղաքացիական հագուստով անձանց խմբերի սադրիչ և անմարդկային գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք հստակ երևում են նաև տեսագրություններում:

Վստահ ենք, որ Հայաստանի  Հանրապետությունում իրավիճակի ապակայունացումը և արյունահեղությունը կարող է բերել անդառնալի հետևանքների ՀՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքի համար և այդ ամենի ողջ պատասխանատվություն կրում է  իշխանությունը:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն գործադրելուց, ժամ առաջ վերջ դնել բռնություններին և  առաջացած ճգնաժամը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ բանակցություններով և խաղաղ միջոցներով: 

Պահանջում ենք իրականացնել անաչառ հետաքննություն՝ պարզելու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն իրականացնողներին, այդ թվում քաղաքացիական հագուստով ակնհայտ սադրիչ և բռնի գործողություններ իրականացրած անձանց ինքնությունը: Ապահովել հասարակական թափանցիկ վերահսկողություն իրավական  ողջ գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Ազգային ժողովում ստեղծել այս դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:
Ակնհայտ է, որ իշխանությունների նման գործելակերպը չի նպաստում ՀՀ ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը՝ հատկապես ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխիքների ապահովմանը, հարված է հասցնում առանց այն էլ արժեզրկված պետական և քաղաքական ինստիտուտների կայացման գործընթացին, էլ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը, թուլացնում պետության ներքին դիմադրողականությունը՝ բազմապատկելով ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները»:

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի հայտարարության մեջ ասված է.

«Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստորեն դատապարտում է հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» թաղամասում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված խայտառակ բռնությունների և առանց որևէ իրավական հիմքի օգտագործված հատուկ միջոցների դեպքերը:
Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են  հրդեհներ:
Հիվանդանոցներ է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով և այրվածքներով շուրջ 60 տուժած քաղաքացի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ:

Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացվել են թիրախային և նպատակային բռնություններ, որի արդյունքում լրագրողներին հասցվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, կոտրվել տեսախցիկներև խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը։ Տասնյակ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային բռնությունների քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկել:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է և այն պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, սակայն անցած տաս օրերի ընթացքում այն դարձել է ոստիկանության աշխատելաոճի անբաժանելի մասը: Մինչդեռ ՀՀ օրենսդրության պահանջներն այլ են։
«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝
1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է, ինչպես նաև ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

Կուսակցությունը գտնում է, որ ոստիկանության կողմից փորձ չի արվել այլ միջոցներով կատարել իր պարտականությունները և առանց նախազգուշացման չդիմել բացառիկ միջոցի, այն է՝ հատուկ միջոցների կիրառմանը խիտ բնակեցված թաղամասում:
Տվյալ պարագայում, ոստիկանությունը որևէ կերպ փորձ չի արել նվազագույնի հասցնել հատուկ միջոցների կիրառման արդյունքում քաղաքացիներին և հարակից տներին և այլոց գույքին պատճառվող վնասը, ինչը դրսևորվում է նրանով, որ խիտ բնակեցված տարածքում կիրառվել են լուսաձայնային նռնակներ, ծխանռնակներ և այլ հատուկ միջոցներ:

Ավելին, պատճառվող վնասի նվազեցման նպատակով, ինչպես դա օրենքն է պահանջում, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը չի ցուցաբերվել և հիվանդանոցից վնասվածքներ ստացած Դավիթ Սանասարյանը, առողջական վատ վիճակով բռնությամբ բերման է ենթարկվել, իսկ տուժածների մերձավոր ազգականները այլ աղբյուրներից են տեղեկացել է (այնինչ օրենքի պահանջն է, որ ոստիկանության զորքերը  գրավոր տեղեկացնեն) իրենց հարազատների հիվանդանոցում գտնվելու, մարմնական վնասվածք ստացած լինելու և առողջական վիճակի մասին:

Վերջին տասը օրերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները, ակնհայտ անհիմն բերման ենթարկելու, քրեական գործեր հարուցելու նախադեպերը որևէ կերպ չեն նպաստում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը և ավելի են անկանխատեսելի դարձնում հետագա զարգացումները։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնպահ մնալ նոր բռնություններ ծնող և հրահրող գործողություններից և անհապաղ անցկացնել տեղի ունեցած դեպքերի մանրամասն և թափանցիկ քննություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն տեղի ունեցած իրավախախտումները, իսկ դրանք կատարողները անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից հանձնվեն ՀՀ արդարադատությանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել. Փաշինյան
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}