Ի՞նչ ազդեցություն կունենա ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը տնտեսության վրա.
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը, Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները որոշ չափով բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Առաջին հերթին, ըստ նրա, այն կազդի զբոսաշրջության վրա:
«Որոշ պետական մարմիններ առաջին օրերին որոշ վրիպումներ թույլ տվեցին ՝ հայտարարելով, թե սա ահաբեկչություն է, մինչդեռ եվրոպացին «տեռոր» բառը ընկալում է այն մասշտաբներով, որոնք իրենց երկրներում եղել են: Այսինքն՝ նման բառերն օգտագործելուց առաջ պետք է զգույշ լինենք»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Հաջորդ խնդիրը վերաբերում է միգրացիային:
«Խորենացի փողոցում ուժային կառույցները որոշ քաղաքացիների հետ կոպիտ վարվեցին և չեմ կարծում, որ դա անհետևանք կարող է մնալ: Նրանց մոտ կարող է առաջանալ վախ, որ հետագայում էլ իրենց կհետապնդեն, դրա համար չի բացառվում, որ որոշ մարդիկ հեռանան երկրից: Իսկ դա նշանակում է, որ աշխատուժը կհեռանա: Բնականաբար, դա բացասաբար կազդի տնտեսության վրա»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Տնտեսագետը չի բացառում, որ որոշ չափով կտուժի նաև փոքր բիզնեսը, քանի որ նման երևույթները միշտ էլ փոքր բիզնեսի արտադրողականության վրա ազդում են:
Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա Գագիկ Մակարյանը չի կարծում, որ այստեղ խնդիրներ կլինեն:
«Օտարեկրյա ներդրումների մասով չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն, քանի որ հիմնական ներդրողները արտերկրում բնակվող հայերն են, որոնք որոշակի նախագծերում ներդրումներ են անում: Ինչ վերաբերում է օտարազգի ներդրողներին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կա: Օրինակ՝ ինձ նամակով դիմել է խոշոր մի ընկերություն, որպեսզի վարչապետի հետ հանդիպում կազմակերպենք: Այդ ընկերությունը գործունեություն է իրականացնում էներգետիկայի ոլորտում և հետաքրքրված է Հայաստանով: Այսինքն՝ այս դեպքերն իրենց չեն անհանգստացնում, քանի որ գտնում են՝ դրանք լոկալ բնույթի խնդիրներ են»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին