ՓՊ նախագահ. Բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել նախօրեին Սարի թաղում կատարվեծ դեպքերի վերաբերյալ.
«Տեսանյութերից և լրագրողների ու այլ անձանց հայտարարություններից պարզվում են, որ վերջին օրերին, մարդկանց հավաքների հետ կապված, քաղաքացիների, այդ թվում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ, որոշ ոստիկանների կողմից կիրառվել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը իրականացնել հարկադրանքի բնույթի լիազորություններ, եթե դրանց իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր:
Իզուր չէ, որ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ կարևորվում են անհրաժեշտության և համաչափության սկզբունքները։ Հարկադրանքի լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք միայն այս սկզբունքներով ղեկավարվելիս կարող են ժողովրդի մոտ ձևավորել և պահպանել արդարության զգացումը։
Այս սկզբունքները խախտելու դեպքում, անկախ նրանից, թե ինչ «վեհ» նպատակներով են դրանք խախտվել (օրինակ՝ քաղաքացու կյանքի համար վտանգավոր է ՊՊԾ գնդի մոտ գտնվելը և այդ «շահի» համար նրան պետք է «հիմնավոր» վախեցնել, որ այլևս չվերադառնա), հասարակության մոտ առաջանում են անարդարության, անպաշտպան լինելու, անվստահության և ատելության զգացումներ։ Եվ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա դեպքերի համատեքստում դրսևորված մեր հասարակության համարձակ կեցվածքը, թվարկված բացասական զգացումները մարդկանց մղում են առավել ակտիվ գործողությունների։
Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝
- դատապարտում է՝ հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները,
- կոչ է անում պատկան մարմիններին՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության.
- զորակցություն է հայտնում լրագրողական համայնքին»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին
- Ոստիկանություն. Բերման ենթարկվածներից 26-ը ձերբակալվել են
- Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է
- Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն. Ահարոնյան
- Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման մասին. ՄԻՊ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
- Սարի թաղում տուժել են լրագրողներ, քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան