Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել շուրջ 40 վիրավոր
Այս պահի դրությամբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել ընդհանուր առմամբ շուրջ 40 մարդ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Վերջինիս խոսքով, տեղափոխվածներից երկուսը լրագրողներ են, երկուսը՝ ոստիկաններ, որոնք չունեն կոտրվածքներ: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկ հոգի ունի աչքի շրջանում վնասվածք, որին այս պահին վիրահատում են, իսկ մեկ աղջկա մոտ էլ այրվածքներ կան, որին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխելու են այրվածքաբանության ինստիտուտ:
Մանուկյանի հավաստիացմամբ, տեղափոխվածների գրեթե բոլորի մոտ էլ առկա է պարզ գիտակցություն, բոլորին էլ ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Այս պահին արդեն կան նաև մի քանի դուրս գրվածներ, որոնց թիվն, ըստ Մանուկյանի, մինչ առավոտ կավելանա: