Սուրենյան. Դեռ ուժեղ շոգեր կլինեն
Առաջիկա հինգ օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում ակտիվորեն կպահպանվի: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ցիկլոնի գործունեության ակտիվ գոտիները կլինեն՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, որտեղ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մյուս շրջաններում՝ Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում տեղումների հավանականությունը մեծ է հատկապես երեկոյան ժամերին: Նշեմ, որ վաղվանից սկսած առաջիկա հինգ օրերին, հատկապես մեծ է կարկուտի հավանականությունը»,-ասաց Սուրենյանը:
Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին, ապա կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ մեր երկիրը գտնվում է արևմտյան սառը օդային հոսանքների ազդեցության գոտում: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով:
«Մինչև օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկը օդի առավելգույն ջերմաստիճանը չի գերազանցի +32…+33 աստիճանը: Ջերմաստիճանի զգալի բարձրացում պետք է սպասել օգոստոսի 5-ից: Դեռ ուժեղ շոգեր կլինեն»,-կանխատեսումները ներկայացրեց նա: