Լրագրողական կազմակերպություններ. Իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերի՝ լրագրողների նկատմամբ բռնությունների և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետեւանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գևորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող), Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։
Այս տվյալները նախնական են, գործողությունները զանգվածային բնույթ են կրել և տուժածների թիվը կարող է ավելի լինել։ Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով։
Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ։ Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են«հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի հունիսի 23-ի և նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված։
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները և օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ մեր բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերը առայսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելաոճում որևէ փոփոխություն չկա։
Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս»)
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվություն ինստիտուտ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Ինֆորմատիկայի ազատության կենտրոն
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
«Ռեգիոն» հետազոտական կենտոն
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Լրագրողական կազմակերպություններ. Կատարվածն անթույլատրելի է
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման մասին. ՄԻՊ
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
- Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին