Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
Դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանք կիրառեց,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով, Պ.Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով:
Հիշեցնենք, որ նա պահանջել էր, որ միջնորդության քննության ժամանակ ինքն անպայման ներկա լինի:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բողոքարկելու եք դատարանի որոշումը, Ի. Պետրոսյանն ասաց, որ առաջիկայում կհայտնեն:
Պ. Մանուկյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։