Իմ պաշտպանյալներին չի հետաքրքրում, թե իրենց որ հոդվածներով մեղադրանք կառաջադրվի. փաստաբան
«Իմ պաշտպանյալներին ընդհանրապես չի հետաքրքրում, թե իրենց որ հոդվածներով մեղադրանք կառաջադրվի: Նրանք պնդում են, որ կատարել են մի գործողություն, որն ուղղված է եղել Հայաստանի բարօրությանը, ցանկանում են՝ Հայաստանը լինի այնպիսին, որին արժանի է ցանկացած հայ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանին և Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Ա. Խանդոյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Փաստաբանը նշեց, որ ԱԱԾ երեկվա տարածած հաղորդագրությունից հետո չի բացառում («ձերբակալվել է 20 ահաբեկիչ»), որ այս տղաներին առաջադրվի նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 217-րդ հոդվածի (Ահաբեկչությունը) հատկանիշներով:
Ասուլիսին ներկա խմբի անդամներ Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը մեջբերեց 219 հոդվածի 4-րդ կետը.« Իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:
«ԱԱԾ մի շարք հաղորդագրություններում նշվում էր, նաև կոչեր էին անում, որ եթե հանձնվեն, զենքերը վայր դնեն, տղաների նկատմամբ կկիրառվի խրախուսական նորմեր, եթե իրենց արարքում այլ հանցակազմ չկա, կազատվեն պատասխանատվությունից: Տղաները, ըստ էության, կատարեցին դրանք: Պաշտպանական կողմը սպասում է, թե արդյոք իշխանությունը մինչև վերջ կպահի իր խոստումը, թե ոչ: Ինձ թվում է՝ չկատարելու դեպքում իշխանությունները խնդիրներ կունենան, քանի որ ժողովուրդն ոտքի է կանգնել, խմբի անդամներն ոգեշնչել են իրենց քայլերով: Իշխանությունները պետք է հետևություններ անեն, հետևողական լինեն իրենց խոսքին»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան
- Ինչպես են հանձնվում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը»
- ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ԱԱԾ
- «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան