Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը: Միջոցառումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ՝ սկսած 2004 թվականից: Այս տարվա խորհրդաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 19 երկրներում գործող հայկական կրթական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ: Նման տվյալներ են հրապարակել ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկաների համար ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:
Ըստ աղբյուրի, ուղերձում մասնավորապես նշվում է. «Ջերմորեն ողջունում եմ Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին:
Պարբերաբար հրավիրվող այս խորհրդաժողովները կարևոր խթան են սփյուռքում կրթական գործի կազմակերպման, կատարելագործման և զարգացման համար: Եթե նախկինում խոսում էինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, ապա այսօր գործ ունենք համատեղ ի րականցվող լուրջ ծրագրերի հետ: Այս ծրագրերի թարմացումը, արդիականացումը պետք է համահունչ լինեն նորագույն պահանջներին և մեր բարդ ժամանակաշրջանում արագ փոփոխվող մարտահրավերներին: Նոր ժամանակները բերում են ոչ միայն նոր խնդիրներ, այլև բացում են նոր տեխնիկական և կազմակերպական հնարավորություններ, որոնք պետք է լիարժեք օգտագործվեն համայն հայության առջև ծագած խնդիրների լուծման գործում:
Ուսումնամեթոդական աջակցության, կրթական չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համակողմ անիորեն և ստանան լուծումներ: Հայաստանի Հանրապետության աջակցությունը բոլոր դեպքերում պետք է լինի առավել առարկայական և նպատակային: Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ հանուն հայապահպանության շնորհակալ և նվիրական գործի»:
Խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին՝ Աղվերանում:
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովների կարևոր ձեռքբերումներից է նրանց կառուցողական բնույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները