Նախագահ. Պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն
«Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»,- այսօր ունեցած ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ երկրի ղեկավարն անդրադարձել է ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և դրանց հանգուցալուծմանը. «Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով. Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ներքին զորքերն իրենց հետևողական և համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Անչափ գոհ եմ, որ մեզ հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր»:
Արձանագրելով երկու զոհի և բազմաթիվ վիրավորների փաստը՝ նախագահ Սարգսյանը ցավակցությունն է հայտնել ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի , ինչպես նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքներին:
Այնուհետև երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել գործընթացում ներգրավված գերատեսչություններին, մասնագետներին ու անձանց:
«Այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինները ձեռնարկեցին բոլոր հնարավոր միջոցները մարդկային կորուստներից խուսափելու համար: Այդ առումով առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ Հիպոկրատին երդում տվածներին՝ մեր բժիշկներին ու բուժաշխատողներին, նրանց` հիացմունքի արժանի կեցվածքի համար, գլուխ եմ խոնարհում նրանց պրոֆեսիոնալիզմի, նրանց ոգու արիության առաջ: Շնորհակալություն եմ հայտնում այս օրերին ողջախոհության խորհրդանիշ դարձած մեր գեներալին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով տեղի ունեցածի քննությանը՝ նախագահը նշել է. «Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է։ Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Հայաստանի Հանրապետությունում ծավալվող բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես մեր պետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է
- Նախագահը ներողություն է խնդրել լրագրողներից՝ այլևս նման բան չի կրկնվելու
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Սերժ Սարգսյան. Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին