15 պատգամավորներ ստորագրել են Արմեն Մարտիրոսյանին չկալանավորելու վերաբերյալ միջնորդության ներքո
ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Լյովա Խաչատրյանը պատգամավորների շրջանում նախաձեռնել են ստորագրահավաք՝ միջնորդելու, որպեսզի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանք չկիրառվի:
«Միջնորդության ներքո ստորագրել են մոտ 15 պատգամավորներ, գրեթե բոլոր խմբակցություններից կան, բացի Հանրապետականից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Հակոբյանը:
Նրա խոսքով, այսօր կեսօրից հետո ինքն ու Լ. Խաչատրյանը հանդիպել են ձերբակալված, ՁՎՊ-ում պահվող Արմեն Մարտիրոսյանի հետ, ինչից հետո էլ հանդես են եկել նման նախաձեռնությամբ:
«Առաջարկվել է շատերին, ժամանակի սղության պատճառով ոմանք չհասցրեցին ստորագրել, կարծում եմ նաև Հանրապետական խմբակցությունից»,-ասաց Հակոբյանը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության թիվ 69 10 71 16 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդագրում ասված է. «Միջնորդում ենք, Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված, խափանման միջոց չկիրառել և օրենքով սահմանված կարգով մեր՝ ներքոստորագրյալ պատգամավորներիս անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակել»:
Նա հիշեց ստորագրած պատգամավորներից մի քանիսի անուններ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Վարդան Օսկանյանը, Զարուհի Փոստանջյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը լիազորագրով է ստորագրել, Լևոն Զուրաբյանը:
Հակոբյանն ասաց, տեսակցության ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ընկճված չի եղել, գանգատ չի ունեցել:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալման 72 ժամը շուտով կլրանա: Նրա նկատմամբ խափանման միջոց պետք է ընտրվի: