Երևանում հողին հանձնեցին 30-ամյա ոստիկանին
Այսօր Երևանի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցավ 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունը:
«Սև քարերով խաչ էր՝ թալիսման: Տվել էի իրեն, որ բան չպատահի: Շատ բարի էր, վերին աստիճանի, մի ճանճ սպանած չկար: Այս տարի վերջացրեց իրավաբանականը, պետք է կոչում տային, աշխատավարձը բարձրացնեին: Ուրախացել էր, ասում էր՝ տատի ջան, երեխեքիս լավ կպահեմ»,-պատմեց Յուրիի տատիկը:
Նա ասաց, թոռան բոլոր նպատակներն ու երազանքները կապված էին իր ընտանիքի ու երեխաների ապագայի հետ:
«Մեծ աղջիկը պարուհի է: Ասում էր, պարից չեմ հանի, թող պարուհի դառնա: Երկրորդ աղջիկը 3 տարեկան է, տղան՝ վեց ամսական: Կօգնենք, կմեծացնենք…Հոկտեմբերի 17-ին իր 30-ամյակն էր»,-ասաց տատը:
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն. «հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը»:
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան