Սերժ Սարգսյան. Մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է
Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է ազգային համաձայնության իշխանություն ունենալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա պետք է իրականացվի արդեն իսկ ձևավորված ինստիտուցիոնալ հիմքով:
Խոսելով այս օրերին իշխանության հանդեպ եղած քննադատության մասին՝ նախագահ Սարգսյանը չի ժխտել դրա առկայությունը՝ նշելով.
«Խոսքս, իհարկե, ընդգծված ահաբեկչական ձեռագրով գործող, իրենց մտադրությունները հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո թաքցնող զինյալների մասին չէ, խոսքս մեր ժողովրդի մի հատվածի մտահոգությունների մասին է: Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է»:
Այնուհետև երկրի ղեկավարը ասել է.
«Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով:
Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն: Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»:
Ամփոփելով այսօր ունեցած ելույթը, հանրապետության ղեկավարը նշել է. «Մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար: Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ներողություն է խնդրել լրագրողներից՝ այլևս նման բան չի կրկնվելու
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Սերժ Սարգսյան. Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին