Տիգրան Մանսուրյան. Մարդն է ամենամեծ արժեքը, հայ մարդն՝ առավել ևս
Պետք է չդադարենք սիրել մեր երկիրը, ժողովրդին, մեր արժանապատվությունը միշտ բարձր պահենք: Իհարկե, շատ խնդիրներ կան մեր պետության և հասարակության առջև, որոնք պետք է լուծել համընդհանուր հասկացողությամբ, արդարությամբ, երկրի, պետության, ազգի բարօրությունն ամեն ինչից վեր դասելով,- նախագահական նստավայրում հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Տեր Ասողիկը հուլիսի 20-ին Խորենացի փողոցում էր՝ հանդարտության կոչով:
«Հայ հոգևորականը նույն հավասար վերաբերմունքն ունի յուրաքանչյուր հայորդու, ժողովրդի յուրաքանչյուր խավի նկատմամբ: Մեզ համար չկա մի կողմ և մյուս կողմ, մեզ համար բոլորը նույն ագզի հարազատ զավականերն են: Այնտեղ էինք՝ մեկ նպատակով ՝ թույլ չտալ հայ մարդը հայ մարդու վրա ձեռք բարձրացնի: Ցավոք, եղավ դեպք, որը ճիշտ չէր, սխալ էր, անընդունելի մեզ համար, ցավում ենք, որ չկարողացանք մտածել՝ այդպիսի բան կարող է լինել»,- նշեց նա:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց, որ մարդն է ամենամեծ արժեքը, հայ մարդն՝ առավել ևս:
«Ափսոս, որ այս օրերին զոհեր ունեցանք, վիրավորներ, լրագրողների հետ բռնության դեպքեր արձանագրվեցին: Այդ ամբողջը ցավ է: Ժողովրդական երգ կա՝ կանգնել եմ գալ չեմ կարող, լցվել եմ՝ լալ չեմ կարող: Մենք ամբողջ ազգով այդ վիճակում էինք»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստը:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի խոսքով, Հայաստանում շատ են խնդիրները, այս դեպքերից հետ պետք է սկսել վերլուծել այդ խնդիրները:
«Լավ տարբերակ էր, որ իրար չկրակեցին, բայց վերջը չէ: Զալում նստած էին մարդիկ, որոնց մեղքով է այս բոլորը եղել։ Այնտեղ մարդիկ են, որոնց աշխատանքի արդյունքն էր սա»,- ասաց նա: