Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանում առաջին թատրոնի շենքն է կառուցվում
Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման աշխատանքները շարունակվում են: Օրեր առաջ շինհրապարակ են այցելել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության պաշտոնական կայքից:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք դիտել են շինարարական աշխատանքների ընթացքը, բեմական հատվածի, դիմահարդարման, օթյակի, դահլիճի, մուտքի, այլ սենյակների նախնական տեսքը, արտաքին երեսպատումը, արել մասնագիտական մի շարք առաջարկներ:
«Մեր համատեղ նպատակն այն է, որ նորակառույց թատրոնի շենքն ունենա միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ, շինարարության և տեխնիկական վերազինման ընթացքում թույլ չտրվեն թատերական պահանջներին համապատասխան սխալներ, չլինեն մասնագիտական թերություններ, ամեն ինչ արվի բարձր մակարդակով»,-նշել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Ինչն եմ ուզում կարևորել. առաջին հերթին այն, որ մեր Անկախության 25 տարիների ընթացքում սա Հայաստանում առաջին թատրոնի շենքն է, որ կառուցվում է հիմքից և այն էլ՝ այսպիսի դասական ճարտարապետությամբ, իսկ երկրորդ հերթին՝ այս քաղաքում թատերական ավանդների պահպանման ու շարունակման հնարավորությունը: Այո, այս բեմում հանդես են եկել մեր թատերական արվեստի ամենամեծանուն դեմքերը՝ Ավետ Ավետյան, Հրաչյա Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Մետաքսյա Սիմոնյան, այլ հայտնի դերասաններ: Տեղի դերասաններն էլ միշտ եղել են հանրաճանաչ, թատերական միտքը զարգացնող: Հուսով եմ նաև, որ դերասանների այսօրվա սերունդն էլ ըստ արժանվույն կգնահատի պետության կողմից տրված այս անգնահատելի նվերը և կշարունակի զարգացնել մեր թատերական ավանդները, որը կորցնելու իրավունքը մենք պարզապես չունենք»,-ասել է Երվանդ Ղազանչյանը: