Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն առաջիկա օրերին ունի հրատապ վիրահատության կարիք: Նրա որդին՝ Արամը, նույնպես վիրահատության կարիք ունի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանուկյանների պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը, ով նաև պաշտպանելու է խմբի մեկ այլ անդամի՝ Արմեն Լանբարյանի շահերը:
«Պավլիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն այդտեղ չկան նեղ մասնագետներ: Երեկվա դրությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Արամին էլ «Էրեբունի»-ից են գնում վիրակապում: Նրանք համարվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդներ, այնտեղ են վիրահատվել, հետևաբար հետվիրահատական շրջանը նույնպես պետք է վարեն այդտեղի բժիշկները: Ունենալով ծանր վիրավորում, չգիտես ինչու՝ նրանց տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»»,- նշեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ Պ. Մանուկյանը ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո հայտարարել էր հացադուլ ու դեռ շարունակում է:
Ի. Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում բողոքարկելու է կալանքի որոշումը, անիջապես հավելեց, որ լուրջ սպասելիքներ չունի:
«Դատարանի՝ կալանք կիրառելու որոշումը գնահատում ենք ոչ օրինական: Դատարանն իր որոշման մեջ նշում է, որ նրանք կարող են խուսափել, խոչընդոտել նախաքննությանը, փախուստի դիմել: Ակնհայտ անտրամաբանական է, քանի որ նրանք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, երեկ Պավլիկ Մանուկյանին պատգարակով են տարել դատարան, բժիշկներ են մասնակցել նիստին, որ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ի. Պետրոսյանը դիմել էր պատկան մարմիններին՝ նշելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անմարդկային պայմանների մասին, հրատապ դիմում էր ներկայացրել նաև ՄԻԵԴ:
Նա ասաց, որ այս ընթացքում բավականին բարելավել է վիճակը, Արամ Մանուկյանին հատկացվել է առանձին սենյակ, տարվել են հիվանդանոցային մահճակալներ:
Խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալները, ովքեր նույնպես գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ըստ նրա, Հ. Հարությունյանը վիրահատության կարիք ունի, Ա. Պետրոսյանի դեպքում մի քանի օրից պարզ կլինի՝ արդյոք կրկին վիրահատության կարիք ունի:
Փաստաբանն այսօր առավոտյան վերաքննիչ քրեական դատարան դիմում է ներկայացրել՝ բողոքարկելով կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումերը:
Խոսելով նախօրեին ԱԱԾ տարածած հաղորդագրության, մասնավորապես այնտեղ օգտագործված «ահաբեկիչ» բառի մասին, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ սխալ էր օգտագործել այդ տերմինը.
«Միանշանակ, անմեղության կանխավարկածի խախտում էր, տղաներն ահաբեկիչներ չեն եղել, գործ ունենք ապստամբների հետ»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. 24 անձի մեղադրանք է առաջադրվել
- Իմ պաշտպանյալներին չի հետաքրքրում, թե իրենց որ հոդվածներով մեղադրանք կառաջադրվի. փաստաբան
- ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ԱԱԾ
- Պավլիկ Մանուկյանը կալանավորվեց
- «Սասնա ծռեր»-ի անդամները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղափոխվել են վերանորոգված հիվանդասենյակներ. ՄԻՊ
- Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանի դիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ուղարկվել է ՄԻԵԴ
- ՔԿՎ-ն արձագանքում է Արամ Մանուկյանի փաստաբանին
- Պավլիկ Մանուկյանի որդին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին