Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությանը պաշտպանական կողմը փաստաթղթերում հակասություններ է գտել
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ներկայացվեցին գրավոր ապացույցների հետազոտումը:
Հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ պաշտպանական կողմը ռեպլիկով հանդես եկավ, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից լրացված փաստաթղթերում հակասություններ կան. մի տեղ նշվում էր, որ Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվելիս գիտակցություն չի ունեցել, իսկ մյուս փաստաթղթում նշվում էր, որ հիվանդը գիտակցություն չի ունեցել, սակայն միևնույն ժամանակ գանգատներ է ներկայացրել:
Փաստաթղթերում առկա տվյալների համաձայն, Մերի Մարգարյանի ջերմությունը բարձր է եղել՝ հասնելով մինչև 41 աստիճանի, զարկերակային ճնշումը տատանվել է:
Հետազոտվող բժշկական փաստաթղթերը դժվարընթեռնելի էին դատարանի և կողմերի համար: Դրանք կարդալու համար օգնության էր հասնում գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը: Բժշկական փաստաթղթերում առկա էին նաև օտար լեզվով գրառումներ: Դրա հետ կապված ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտարարեց, որ գործում առկա բոլոր օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայերեն, ինչը չի կատարվել:
Դատական նիստի ընթացքում ընթերցվեց նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած փաստաթուղթը, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան վերաբերյալ: Դատարանը ներկայացրեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած Էպիկրիզը, որը ստորագրված է ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի անունով: Նա հաստատեց, որ էպիկրիզն ինքն է գրել և ժամանակի սղության պատճառով կարճ է ներկայացրել վիճակը:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան