100 տարի առաջ մենք ունեինք Տերյան, այսօր չունենք այդպիսի մեկը. Կարո Վարդանյան
Ավանդաբար հուլիսի վերջին կիրակին Ջավախքի Գանձա գյուղի նշվում է Վահան Տերյանի պոեզիայի օրը: Այս տարի հուլիսի 31-ին բանաստեղծի ծննդյավայրը 50-րդ անգամ տոնել է Տերյանի պոեզիայի օրը և նրա 131-ամյակը: Այս մասին տեղեկանում ենք «Ջավախք ինֆո»-ից:
Ջավախքցիների կոչած «Տերյանականը» Ջավախքում իրականացվող ամենասիրված և սպասված միջոցառումներից մեկն է:
Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Նա նշել է, որ շնորհիվ Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների, Վրաստանում՝ Նինծմինդայում ապրող բոլոր հայերի ջանքերի, Տերյանական պոեզիաի օրը տարեցտարի զարգանում և էլ ավելի մեծ թափ է առնում՝ լցնելով Գանձայի սարադաշտը նրա պոեզիայի երկրպագուներով:
Միջոցառմանը հանդես են եկել մի քանի գյուղեր ներկայացնող պարային համույթներ, հնչել են երգեր, բանաստեղծություններ:
«Տերյանը մեզ միավորում է և դաս է տալիս այնպես, ինչպես բոլոր մեծերը, Տերյանը մեզնից պահանջում է լինել մարդ, սիրել հայրենիքը, պայքարել հայրենիքի լավ օրվա համար, ցավալ հայրենիքի վատ օրվա համար և անել ամեն հնարավորը, որ հայրենիքն ամուր մնա, Տերյանը մեզ սեր է քարոզում»,- ասել է Վրաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշել է, որ մեր օրերում մենք Վահան Տերյանի կարիքն ունենք ավելի քան երբևէ. «Մեկտեղվել ենք վերստին ոչ միայն զմայլվելու նրա ներշնչանքներով, նրա անզուգական գեղագիտությամբ, նաև հավաքվել ենք ապավինելու նրա խոսքին, պատգամներին: Մեր երկրում այս օրերին կրկին անհանգստություն կա և ըստ այդմ էլ Վահան Տերյանի հարյուրամյա մտահոգությունները՝ կապված մեր երկրի, ժողովուրդների հետ, կրկին նորոգվել են, մի տարբերությամբ միայն, որ հարյուր տարի առաջ մենք ունեինք Տերյան, այսօր, ցավոք, չունենք այդպիսի մեկը, ում խոսքը մեզ հույս ու հավատ կներշնչի: Ահա թե ինչու տարիների ու տասնամյակների մեջ Տերյանն ավելի է թանկանում ու ավելի նվիրական է դառնում մեզ համար»:
Լուսանկարները՝ «Ջավախք ինֆո»-ից:
Տեսանյութը՝ Parvana TV