Իսկ եթե ոչ թե «Սասնա ծռեր» խումբը լիներ, այլ մի լավ դիվերսիոն խումբ որևէ մի հզոր երկրից. Ռուբեն Բաբայան
Եղիշե Պետրոսյանը բացարձակապես վտանգավոր չէ, վաղուց եմ ճանաչում նրան՝ կարգին մարդ է, հրաշալի արվեստագետ, կարծում եմ՝ ինչքան շուտ բաց թողնեն, այնքան լավ,- լրագրողների հետ հանդիպման ասաց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
«Կոչ եմ անում ժամ առաջ ազատ արձակել նրան, առավել ևս, որ ունի առողջական խնդիրներ»,- կրկնեց նա:
Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել է հուլիսի 30-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Ռ.Բաբայանն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման, դրանից հետո կատարված իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ կան ձերբակալված. «Կարծում եմ՝ մեծամասնությունը երևի անարդարացի է: Բոլորիս պարտքը պետք է լինի հետևել, որ ընդհանրապես անօրինական որևէ հետապնդում չլինի: Սա շատ կարևոր է»:
Արվեստագետի կարծիքով, հետաքննությունը ցույց կտա ոչ միայն զինված խմբի յուրաքանչյուր անդամի մեղքը, այլ նաև՝ ինչպես կատարվեց այդ իրադարձությունները, որտեղ էր գտվում ԱԱԾ-ն, ինչ ձևով էր պահպանվում այդ գունդը:
«Սրանք էլ են հանցանքներ: Այնպես չէ, որ մի կողմից է կատարվել հանցանքը: Եթե դուք վատ եք կատարում ձեր պաշտոնական պարտականությունները, դուք հանցանք եք գործել, առավել ևս՝ նման ասպարեզում, որը կապված է երկրի անվտանգության հետ: Իսկ եթե ոչ թե «Սասնա ծռեր» խումբը լիներ, այլ մի լավ դիվերսիոն խումբ որևէ մի հզոր երկրից, որ այդքան հեշտությամբ է կարողացել ճեղքել ուժային կառույցը: Լուրջ և քննարկման, և հետազոտման հարց է»,- ասաց Ռ.Բաբայանը:
Նա նաև հավելեց. «Եթե լինի օբյեկտիվ հետաքննություն, կպարզվի, ում ձեռքն է խառը եղել այս տեսակ հանգիստ անցնելու ու գունդը գրավելու մեջ: Չեմ կարծում, որ դա ընդդիմությունն է կազմակերպել»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ձերբակալված Եղիշե Պետրոսյանի առողջական խնդիրները սրվել են
- Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան