«Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը:
Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։
ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին: