Հայաստանում գորգեղենի, տրիկոտաժի արտադրության ծավալները նվազել են
2016 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 48.1%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2015թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 23.7 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 12.3 %:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 1 494.2 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-հունիսին՝ 1 732.0 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 13.7 %-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 4,2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1.5 տոննա, ինչը 64.3 տոկոսով պակաս է:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարի 2.6 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2016թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 8 689.9 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2015թ-ին՝ 3 356.6 հազար զույգ: