Լևոն Արոնյանը կմասնակցի Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը
Օգոստոսի 4-ին Միացյալ Նահանգների Սենտ Լուիս քաղաքում կմեկնարկի Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 10 շախմատիստներ: Սինգֆիլդի գավաթը մաս է կազմում «Grand Chess Tour» մրցաշարքի, որի շրջանակներում այս տարի անցկացվում է 4 մրցաշար, այդ թվում երկուսը` Փարիզի և Լյովենի մրցաշարերը, արդեն տեղի են ունեցել, իսկ մրցաշարքի վերջին` Լոնդոնի փուլը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարում Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Պյոտր Սվիդլերը: Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին, իսկ առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: