Անբարո վարքի պատճառով եվրոպացի դիվանագետներ են արտաքսվել Իրանից
Անբարո վարքի համար մի քանի եվրոպացի դիվանագետ է արտաքսվել Իրանից,-հաղորդում է իրանական «Ջամեջամօնլայն.իր» կայքը:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահության անդամ Մոհամմադ Ջավադ Ջամալին «Ջամեջամ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Իրանի անվտանգության ուժերի կողմից բնակարան է հայտնաբերվել, որը ծառայել է եվրոպացի դիվանագետների անբարոյական գործողությունների համար:
Մոհամմադ Ջավադ Ջամալին նշել է, որ առաջին անգամը չէ, որ եվրոպացի դիվանագետներն անբարո վարքի պատճառով արտաքսվում են երկրից:
«Ինչպես իրանցի դիվանագետներն են հետևում հյուրընկալ երկրների օրենքներին, այնպես էլ Իրան գործուղված դիվանագետները պետք է հետևեն մեր օրենքներին»,-հավելել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահության անդամը: