«Իշխանության և հասարակության միջև բռնության չգործադրման համաձայնություն պետք է կայացվի»
ՊՊԾ գունդը գրավելը և դրան հաջորդած դեպքերը.
Ակնհայտորեն դրսևորվեց, որ հայ հասարակության մի մասը կողմ է հանրային խնդիրները բռնության և զենքի կիրառմամբ լուծելու տարբերակին, իսկ մեծ մասը, այսպես ասած, չի բացառում այդ ճանապարհի լեգիտիմությունը: Այս մոտեցումն, իհարկե, բացատրվում և «արդարացվում» է իշխանության կողմից տարիների ընթացքում և հատկապես հանրահավաքների ժամանակ ուժի կիրառմանը ուժի կիրառմամբ պատասխանելու տրամաբանությամբ, սակայն քաղաքակրթվելու և զարգանալու համար թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը պետք է պարզապես բացառեն բռնությունը, ուժը, զենքի կիրառումն իրենց փոխհարաբերություններում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սրա մասին պետք է լինի սկզբունքային համաձայնություն իշխանության և հասարակության միջև, և կարծում եմ, որ տեղի ունեցած դեպքերը լավ առիթ են այս հարցը քննարկելու և նման համաձայնություն ձեռք բերելու համար:
Հնչեցվող պահանջները և դրանց հասնելու համար կիրառվող մեթոդները
Այս հարցում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան: Իհարկե, սկզբունքորեն հնարավոր է բռնության, պատանդներ պահելու և նման միջոցներով ստիպել իշխանություններին հեռանալ զբաղեցրած պաշտոններից, սակայն արդյո՞ք կա կբերի հանրության կողմից սպասված փոփոխություններին: Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ հանրությունն իր նպատակին հասավ, սակայն երկիրը հայտնվեց էլ ավելի վատ պայմաններում, քանի որ պարզվեց՝ ամեն ինչ չէ, որ կախված է մեկ մարդուց: Երկրորդ հանգամանքն այն է, որ ՊՊԾ գնդի ներսի և դրսում նրանց համախոհների գործողությունները շատ դեպքերում համակարգված չէին և, ըստ էության, երկու կողմերն ավելի շատ խանգարեցին իրար, քան օգնեցին:
Առհասարակ, եթե իշխանությունները հանրային հարաբերություններից հանում են օրենքն ու իրավունքը և կիրառում միայն ուժը, ապա չպետք է զարմանան, որ հանրային դժգոհությունը նման դրսևորումներ է ստանում և ձևավորվում են ծայրահեղական պահանջներ: Մյուս կողմից, եթե հանրությունը որդեգրում է բռնությունը որպես իր նպատակներին հասնելու միջոց, ապա չպետք է զարմանա, եթե պետությունն էլ ընդունում է իրեն առաջադրված այդ խաղի կանոնները և սկսում է բռնություն կիրառել:
Ինչ տվեց այս ամենը հանրությանը
Նախ պարզվեց, որ մենք ունենք պետական մարմինների կառավարման լրջագույն խնդիր, սկսած նրանից, որ, օրինակ, ոստիկանությունը, փաստորեն, չի կարողանում կառավարել յուրաքանչյուր առանձին ծառայողի վարքը և խոսքը: Այս օրերի ընթացքում օրենք խախտած բոլոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցում պետությունը պետք է նույնքան սկզբունքային լինի, որքան հակաօրինական գործողություններ կատարած մյուս մարդկանց պատժելու հարցում: Եթե դա տեղի ունենա, հիմք կդրվի պետություն-հասարակություն նոր տիպի հարաբերությունների ձևավորմանը, եթե ոչ՝ կառաջանա հանրային դժգոհության և բողոքի նոր ալիք:
Քանի որ պետությունը մարդկանց համակեցությունն ապահովող իրավական-քաղաքական պայմանների ամբողջությունն է, ապա տեղի ունեցած դեպքերը պետք է լավ առիթ դառնան իշխանությունների համար համապատասխան հետևություններ անելու, հատկապես ոստիկանության աշխատանքի սկզբունքները վերանայելու համար, իսկ հանրության համար թերևս ամենամեծ դասը կլինի այն, որ մեկընդմիշտ հասկացվի այն, որ բռնությանը և սպառնալիքին դիմելու փորձերը հանրային խնդիրներ լուծելու ժամանակ պետք է բացառվեն: Սա, կարծում եմ, կարող է դիտարկվել նաև որպես առողջ քաղաքացիական դիրքորոշում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան