Իրավիճակը փոխվել է և Հայաստանը չի լինի նույնը, ինչ դրանից առաջ էր. Արա Պապյան
«Այս իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է և Հայաստանը չի լինի նույնը, ինչ դրանից առաջ էր: Կլինի ավելի լավը, կամ ավելի վատը`դեռ շուտ է ասել, դա կախված է իշխանությունից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, խմբի անդամների հանձնվելուց հետո սպասվող զարգացումներին։
Նրա խոսքերով՝ եթե խմբի անդամների հայտարարություններով դատեն, ապա նրանց բուն նպատակն էր հասարակությանը արթնացնել, փոխել նրա մտածողությունը, քանի որ հասարակությունը հայտնվել էր «մրափի» մեջ և որևէ ելք չէր տեսնում:
«Այսօրվա դրությամբ իրավիճակ է փոխվել և եթե իշխանությունները գնան ռեպրեսիաների ընդլայնմանը, բնականաբար, հասարակությունը ավելի կինքնամեկուսանա և տնտեսական վիճակը կբարդանա, արտագաղթը կշատանա, իսկ եթե հետևություններ արվեն և փորձ արվի հասկանալ՝ ինչո՞ւ հասարակության մի մասը դիմեց զենքի և ուղղեն բուն պատճառները, այլ ոչ թե հետևանքները՝ ապա մենք հնարավորություն ունենք ինչ-որ որոշակի շտկումներ անել»,- ասաց քաղաքագետը:
Արա Պապյանը նշեց, որ այս 15 օրվա ընթացքում տեսան, որ թերություններ կան պետական կառավարման ոլորտում, գործադիր իշխանություն գրեթե չունեինք, պատգամավորները նույնպես լուռ էին՝ բացառությամբ մի քանիսի: Մինչդեռ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ և դրանց ֆոնին, ըստ բանախոսի, սա վատ է:
Ինչ վերաբերում է իրապահ համակարգին, ապա, ըստ Արա Պապյանի, Սարի թաղի և Խորենացի փողոցի իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած բարեփոխումների համար տրամադրված բազմաթիվ դրամաշնորհներին, ոստիկանությունն այդպես էլ չբարեփոխվեց. «Ոստիկանները գործում են սովետական մեթոդներով, և այս օրերի ընթացքում մենք ունեցանք մարդու իրավունքների զանգվածային խախտումներ`անօրինական բերման ենթարկել, ծեծեր, ստորացնել, և այլն»:
Անդրադառնալով Նախագահի երեկվա հայտարարությանը, Արա Պապյանը նկատեց, որ ելույթից տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով: Բացի այդ, միայն գովեստ հնչեց իրավապահների հասցեին, մինչդեռ, ըստ նրա, այդ համակարգում արդեն իսկ պետք է պաշտոնանկություններ լինեին հենց միայն ՊՊԾ գնդի գրավման պատճառով:
Հարցին, թե իշխանություններն այս ամենից հետո դասեր կքաղեն, Արա Պապյանը չբացառեց, որ գուցե վերջին իրադարձություններից հետո դասեր քաղեն:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներին, նրանց նկատմամբ հետագա գործողություններին, քաղաքագետն ասաց, որ ըստ իրեն՝ նրանց նկատմամբ անօրինական վերաբերմունք կա, այսինքն՝ նրանց պահում են անմարդկային պայմաններում, կա ծեծ, ճնշումեր ընտանիքի անդամների վրա. «Բայց եթե ասում ենք՝ ուժով Հայաստանում ոչինչ չպիտի լուծվի, դա բոլորին պետք է վերաբերվի»:
Արա Պապյանը նաև քաղաքական առումով սխալ է համարում զինված խմբի անդամներին «ահաբեկիչ» որակում տալը. «քանի որ դրանով ազդում ես երկրի տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև «փակում» ես քո երկիրը հնարավոր ներդրումների առջև»:
Շատ երկրներում, որտեղ իրապես ահաբեկչություն կա, ըստ նրա, ամեն ինչ անում են, որպեսզի ցույց տան, որ նման բան չկա:
Իրավական առումով էլ, ինչպես նշեց քաղաքագետը, դատարանը պիտի որոշի. «Կարելի է ասել, որ սա զինված փորձ էր սահմանադրական իշխանությունը տապալելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին