Ֆրանսահայը Թուրքիայից արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով
Թուրք իրավապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից արտաքսել են ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջիին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթին: Ըստ աղբյուրի, ֆրանսահայը արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով:
Դեպքի մանրամասները թերթին ներկայացրել է Ռիչարդ Դեմիրջիի որդին՝ Դանիել Դեմիրջին:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են մեքենան և ուղևորներից, այդ թվում և Դեմիրջիից պահանջել անձնագիր: Երբ Դեմիրջին իր ֆրանսիական անձնագիրը ներկայացնելուց հետո ոստիկանների հարցերին պատասխանել է թուրքերենով, նրան հարցրել են, թե արդյոք նա թուրք է:
Ոստիկանների՝ «թուրքերեն ես խոսում, ծննդավայրդ Սղերթ է նշված, ինչպե՞ս թե թուրք չես» հարցմանն ի պատասխան Դեմիրջին ասել է, որ ազգությամբ հայ է, Ֆրանսիայի քաղաքացի: Դրանից հետո ոստիկանները որոշել են թե նա ահաբեկիչ է և իջեցնելով մեքենայից շտապ մեկուսացրել են, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրան արտաքսել են:
Որդու տեղեկացմամբ՝ Ռիչարդ Դեմիրջին ամիսը մեկ անգամ աշխատանքային այցով մեկնում էր Թուրքիա, իսկ այժմ նրա մուտքն արգելվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան