Բիչախչյան. Կենսաչափական անձնագրերն այլևս պարտադիր չեն լինի
Օգոստոսի 6-ից ուժի մեջ կմտնի օրենքում կատարած փոփոխությունները, որոնց համաձայն մինչև 2019 թվականի հունվարի մեկը կենսաչափական անձնագիր ձեռք բերելն այլևս պարտադիր չէ: Panorama.am-ին այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Մարդու Իրավունքների պաշտպանը դիմեց Սահմանադրական դատարան, քանի որ մարդիկ կային, որ կրոնական ու այլ համոզմունքներից ելնելով հրաժարվում էին բիոմետրիկ անձնագիր ու նույնականացման քարտ ստանալուց: Մարդ կար՝ նույնիսկ 2-3 տարի անձնագիր չէր ստանում, զրկված էր կենսաթոշակ ստանալու իրավունքից»,-մանրամասնեց Բիչախչյանը:
Նրա խոսքով, ՍԴ-ն որոշում կայացրեց, չի կարելի անձին պարտադրել, որ ստանա օնլայն փաստաթուղթ, մատնահետք հանձնի, ստորագրություն և այլն:
«Որպեսզի հնարավոր լինի այդ իրավունքների իրացումը, օրենքում կատարվեց փոփոխություն: Չէինք կարող օրենքով սահմանել, որ դա տարածվում է միայն որոշակի կատեգորիայի մարդկանց վրա»,-նշեց նա:
Հիմա կենսաչափական անձնագիր կարելի է ձեռք բերել ըստ ցանկության, այն արժե 25 000 դրամ:
«Ժամկետ է սահմանվել մինչև 2019թ. հունվարի 1-ը: Պետությունը մինչ այդ պետք է լուծումներ գտնի: Այս պահին այլ լուծում հնարավոր չէր, եթե մինչ այդ ժամկետը հնարավոր լինի այլ լուծումներ գտնել, կգտնենք, եթե ոչ, ժամկետը կերակարացվի կամ ընդհանրապես այդ հարցը կհանվի»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը:
Բիչախչյանը նշեց, որ հին նմուշի անձնագրով Հայաստանից դուրս գալը չի արգելվի, այլ հարց, եթե որևէ երկիր չթույլատրի այդ անձնագրով իր տարածք մուտք գործել. «Դա արդեն անձի խնդիրն է այդ պետության հետ փոխհարաբերություններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում