Բժիշկներն ամեն ինչ արել են Ավետիսի կյանքը փրկելու համար. հարազատները հույսներն Աստծո վրա դրած` սպասում են
Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը, տղայի առողջական վիճակում առկա է աննշան դրական տեղաշարժ:
«Ոտքերը դեռ թույլ են, Ավետիսի հետ աշխատում են մերսող մասնագետներ: Օրական մի քանի ժամ մերսում են նրա ոտքերի, ձեռքերի մկանները: Մերսումներից հետո ոտքերը զգում է, բայց չի շարժում, ձեռքերն էլ բարձրացնում է, բայց մատները դեռ չի շարժում: Բժիշկներն ասում են, որ ժամանակ է պետք, մենք էլ սպասում ենք….», - ասաց նա:
Երկու օր առաջ Ավետիսը, ով չորս ամիս վերակենդանացման բաժանմունքից դուրս չէր եկել, սայլակով զբոսնել է հոսպիտալի բակում, ինչը բարձրացրել է նրա տրամադրությունը:
19-ամյա Ավետիսն արդեն չորս ամիս է` պառկած է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երկու անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը: Ավետիսին սպասվում է նոր վիրահատություն: Նրա ծնոտը բազմաբեկորային վիրավորում է ստացել, պետք է վիրահատեն, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս:
«Շատ նիհարել է, հյուծված է, նորմալ չի սնվում: Եթե առողջական վիճակում դրական տեղաշարժ լինի, կվիրահատեն»,- ասաց Հայկազ Զարգարյանը:
Նրա խոսքերով՝ վատթարագույն իրավիճակից եկել են որոշակի կայունացման, ժամանակ է պետք, որ որդին վերականգնվի:
«Բժիշկները Ավետիսիս այդ դժվար վիճակից հանել են, ամեն ինչ արել են, որ ապրի, հիմա ի՞նչ կարող են անել, ժամանակ է պետք, որ վերականգնվի...: Եթե ես իմանամ, որտեղ իմ երեխուն կբուժեն, ամեն ինչ կանեմ, որ նրան բուժեն, բայց խնդիրը մեկը չէ...: Հույսներս Աստծո վրա դրած` սպասում ենք»:
Նշենք, որ Զարգարյանները Արցախի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են այնտեղից և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
Աշխատելու նպատակով երեք տարի առաջ ընտանիքը մեկնել է Ռուսաստան, սակայն Ավետիսը վերադարձել է Հայաստան զինվորական պարտքը կատարելու: Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են Վարդենիսի իրենց տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքը և ընտանիքով վերադարձել Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Քառօրյա պատերազմի ժամանակ ողնաշարի վիրավորում ստացած Ռոլանդը նորից հիվանդասենյակ է տեղափոխվել
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
- Կապիտանը միայն ականները վնասազերծելուց հետո է թույլատրել, որ իրեն օգնեն
- Արցախում վիրավորված Ռոլանդ Սահակյանն այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին