Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
Հուլիսի 29-ի ուշ երեկոյան Սարի Թաղում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով մեկ անչափահաս տղա կորցրեց աչքը, մի քանիսն այրվածքներ ստացան, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ: Ի՞նչ հատուկ միջոցներ է կիրառել ոստիկանությունն այդ օրը երթի մասնակիցների նկատմամբ, դրանց կիրառումը հայաստանյան օրենսդրությամբ ո՞ր դեպքերում և ի՞նչ հանգամանքներում է թույլատրված, ո՞վ տվեց ոստիկաններին նման կերպ գործելու հրաման:
Այս ու այլ հարցեր գրավոր կերպով Panorama.am-ը ներկայացրեց ոստիկանություն: Մեկ օր անց որպես պատասխան ստացվեց սա. «Ձեր 01.08.2016 թ. հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների գործադրման հիմքերը, սահմանները և պայմանները սահմանված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածներով:
Մնացած հարցադրումների առիթով ներկայումս ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն, ուստի դրանց վերաբերյալ տեղեկությունները կարող են հրապարակվել ծառայողական քննության ավարտից հետո»:
Տուժածներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ստացած վնասվածքների բնույթն իրեն անծանոթ է, չգիտի, թե ինչ հատուկ միջոցի կիրառումից մարդկանց ոտքերին կարող էր նման վնասվածքներ առաջանալ: Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ իրենք չեն դիմել ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ միջոցների կիրառումից են առաջացել վնասվածքները:
Փոխարենը նախարարությունից մատնանշեցին «Ոստիկանության մասին» օրենքի 31 հոդվածը, որտեղ սահմանված են, թե ե՞րբ, ի՞նչ պարագայում ո՞ւմ նկատմամբ ոստիկանությունը իրավունք ունի կամ չունի կիրառել հատուկ միջոցներ:
Օրենքի 31 հոդվածի մանրամասներին կարելի ծանոթանալ այս հղումով:
Միայն փաստենք, որ աչքից զրկված Սայաթ Հարությունյանը (լուսանկարում)դեռ 16 տարեկան է: Իսկ այդ հոդվածի կետերից մեկը՝ սահմանում է.
«Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի)…»:
Նույն հոդվածով արգելվում է նաև ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:
Առողջապահության նախարարությունից նշեցին, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ N 867-Ն որոշում):
Նույն հոդվածով ՀՀ առողջապահության նախարարին լիազորություն է վերապահվել ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա ընդունել մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանող հրաման, ինչը և արվել է (ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրաման): Դրանց մասով այլ լիազորություն հիշատակված օրենքով առողջապահության նախարարությանը վերապահված չէ»:
Երեկ տարածվեց տեսանյութ,որտեղ Սարի թաղի բնակիչները գտել են ոստիկանության կողմից կիրառած հատուկ միջոցներից մեկը: Ինտերնետում որոնումների արդյունքում պարզեցինք, որ խոսքը ձեռքի լուսաձայնային նռնակի մասին է, կոչվում է «Ֆակել» (լուսանկարը՝ տեսանյութից):
Առողջապահության նախարարի հրամանի 5-րդ կետը վերաբերում է այդ հատուկ միջոցի կիրառման պայմաններին.
«Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ներգործության տրամագիծը 20 մետրից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 145 դեցիբելից ոչ ավելի»:
Մնացածի օգտագործելիության նկարագրություններին կարող եք ծանոթանալ բերված հրամանում։
Շեշտենք՝ որ դրանց մի մասի օգտագործման նկարագրության մեջ նշված է՝ բաց տեղանքում, զինված մարդկանց դեմ, եթե զինվածը իրական վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքերին, նույն տարածքում կրկնակի օգտագործումը արգելվում է, և այլն...։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան