Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառվում է. Շավարշ Քոչարյան
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառվում է»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ են որևէ նոր բեկում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այնտեղ ամեն ինչ շատ հստակ է: Կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում, դրանից հետո Սանկտ Պետերբուրգում: Այսինքն` խոսքը վստահության մթնոլորտի ստեղծման մասին է, որն առաջարկել են համանախագահող երկրները: Իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ և այլն»:
Երկրորդ հարթությունը, ըստ Շավարշ Քոչարյանի, բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ առաջին հարթությունում առկա հարցերը լուծվեն:
«Բանակցություններն ընթանում են՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Համենայնդեպս, ակնհայտ է, որ արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները վիժեցնելու ուղղությամբ», - ասաց փոխարտգործնախարարը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը Շավարշ Քոչարյանն նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է` միակողմանի զիջումներ ընդհանրապես չեն լինելու, ինչպես նաև բացառվում է, որ ԼՂՀ-ն կլինի Ադրբեջանի կազմում:
Հարցին` հայկական կողմը ճնշումների ենթարկվո՞ւմ է Ռուսաստանի կամ այլ պետության կողմից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան, ինչը բնական է ցանկացած բանակցային գործընթացում, բայց դա միջնորդություն է»:
Դիտարկմանը, թե կարո՞ղ են ասել, որ տարածքների վերադարձման մասին խոսք չկա, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Անընդհատ խոսվում է այն մասին, թե հայկական կողմը պետք է ինչ-որ տարածքներ զիջի: Մի՞թե եղել է հայտարարություն ադրբեջանական կողմից, որ իրենք պատրաստ են իրենց կողմից գրավված ԼՂՀ-ի տարածքները վերադարձնել: Եթե՝ ոչ, ապա անհասկանալի է, որ խոսում են միակողմանի զիջումների մասին: Երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ԼՂՀ այն տարածքները, որը օկուպացրել է, վերադարձնեն, որ ընդունում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, պատրաստ է հաշտվել այն հանրաքվեի հետ, որն իրականացրել է Արցախի ժողովուրդը, այդ ժամանակ այդ հարցերը տեղին կլինեն: Քանի դեռ այդ բոլորը չկան, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ, ընդամենը պարտվողականություն է»:
Հարցին, թե «Սասնա ծռերի» գործողությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ղարաբաղյան գործընթացում, Շավարշ Քոչարյանը նշեց, որ դժվարանում է այդ հարցին հստակ պատասխան տալ:
Հարակից հրապարակումներ`
- Թոմ դե Վաալ. Նախագահ Սարգսյանը և իր թիմը ղարաբաղյան բանակցություններում ավելի հեռուն են տեսնում
- Մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել ԼՂՀ-ի օկուպացված շրջանները. Շավարշ Քոչարյան
- Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը՝ խախտելով զինադադարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին