
Ստեղծվում է ընկերություն, որն Իրանից գազ կարտահանի այլ երկրներ
Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը կառավարության նիստում նշել է՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ-ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա և գազ: «Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, և մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա և կիրականացնի»,- նշել է նա: