Դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չկան. վարչապետ
ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները՝ նշեց, որ տարեսկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ, բացի այդ, Հայաստանի գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները:
Սակայն, ըստ նրա, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով:
«Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, ՀՀ-ում վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Սակայն, ըստ նրա, տնտեսության մեջ առկա խնդիրներն ու մարտահրավերները շատ են, դեռ անելիքներ կան, և նշված տնտեսական հաջողությունները չեն ազդել կյանքի բարեկեցության բարելավման վրա, ուստի կառավարությունը պետք է գործադրի ջանքեր, կյանքի բարելավման ցուցանիշները բարելավելու վրա:
Վարչապետի խոսքերով՝ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չկան: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում: Այդ փոփոխություններն իրողություն դարձնելու համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերներն ու հետևողական չեզոքացնենք դրանք»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ և բոլոր նախարարներին հանձնարարեց առաջին կիսամյակի արդյունքները ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև կոնկերտ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան