Վարչապետը հանձնարարեց Մարտունիի հիվանդանոցի հարցով առաջարկություններ ներկայացնել
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, բազմաթիվ համայնքներում հանդիպումներ է ունեցել:
«Եղել ենք նաև Մարտունիի հիվանդանոցային համալիրում, որը շատ անմխիթար վիճակում է գտնվում, և անկախությունից ի վեր որևէ ներդրում չի իրականացվել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարություններին, ինչպես նաև մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ:
«Այն իրոք շատ անմխիթար վիճակում է: Այնտեղ կան բազմաթիվ հիվանդներ, երեխաներ, և ես կարծում եմ, որ մենք այնտեղ շատ լուրջ քննարկում և աշխատանքներ պետք է իրականացնենք»,-ընդգծեց վարչապետը: